Մատչելի հղումներ

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Նախագահ Թրամփը ջերմորեն ողջունել է Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով իր ընկեր, ով պատվով ղեկավարում է աշխարհի շատ դժվար մի հատված: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Սա նախագահների առաջին հանդիպումն էր Վաշինգտոնում գրանցված միջադեպից հետո, երբ Էրդողանի կողմնակիցներն ու անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանյան ցուցարարներին: Միջադեպին մասնակցել էին ինչպես Էրդողանի թիկնապահներն, այնպես էլ Թուրքիայի դեսպանության անվտանգության աշխատակիցները: Այն գրանցվել էր Սպիտակ տանը երկու նախագահների հանդիպումից կարճ անց:

Օրերս ևս այս անգամ Նյու Յորքում Էրդողանի մասնակցած միջոցառմանը գրանցվեց միջադեպ ուժի գործադրմամբ: Ժամեր առաջ նախքան նախագահների հանդիպումը Էրդողանի աջակիցները Նյու Յորքի հյուրանոցներից մեկում ծեծել են Էրդողանի ելույթն ընդհատած երեք ցուցարարների:

Նյու Յորքում Էրդողանը հանդես էր գալիս ելույթով հարյուրավոր մասնակիցների առջև թուրք-ամերիկյան գործարար կազմակերպություններից մեկի կազմակերպած միջոցառմանը: Թուրքիայի նախագահի ելույթն ընդհատեց մի անձնավորություն, ով սկսեց բացականչել «ահաբեկիչ» բառը:

«Ամերիկայի Ձայն»-ի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները Էրդողանի կողմնակիցների հարվածների տարափի ներքո փորձում դուրս բերել այդ անձնավորությանը դահլիճից դեպի ավելի անվտանգ հատված: Մի փոքր ուշ, երբ երկրորդ անձը սկսեց բացականչել նույն բառը, նա ևս բռնության ենթարկվեց Էրդողանի աջակիցների կողմից՝ ստանալով հարված գլխին թուրքական դրոշով: Վերջինիս ևս դուրս բերեցին դահլիճից անվտանգության աշխատակիցները: Նույն ճակատագրին է արժանացել երրորդ բողոքարարը:

Էրդողանն արձագանքել է՝ կոչ անելով հանդարտության և ընդգծել, որ կարիք չկա մի քանի ահաբեկիչների պատճառով խաթարել միջոցառումը:

Սա փաստորեն վերջին 4 ամիսների ընթացքում բռնի ուժի կիրառմամբ գրանցված երկրորդ միջադեպն է ԱՄՆ-ի տարածքում Էրդողանի անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մասնակցությամբ ու որին ներկա է գտնվում նախագահ Էրդողանը: Նախկին տարիներին ևս գրանցվել էին միջադեպեր, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության անձնակազմը փորձել է ուժ կիրառել բողոքարարների դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG