Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Հյուսիսային Կորեայի


ԱՄՆ-ի նախագահը հինգշաբթի օրը հայտարարեց Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու մասին։ Իսկ այս պահին Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսում Ճապոնիայից հյուսիս գտնվող Օխոտսկի ծովում։

Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրեց նախագահական հրահանգ, որն ուղղված է ընդդեմ Հյուսիսային Կորեայի եկամուտների եւ որի նպատակն է կասեցնել այս երկրի միջուկային ու հրթիռային ծրագրերը։ Նոր պատժամիջոցներն ընդլայնում են այն անձանց ու հաստատությունների ցանկը, որոնք բիզնեսային գործարք ունեն Հյուսիսայի Կորեայի հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվում նավաշինության ու առեւտրի ոլորտները, ինչպես նաեւ ձկնարդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառը։

Թրամփն ասել է, թե նախագահական նոր հրամանագրի արդյունքում կկրճատվեն եկամտի այն աղբյուրները, որոնց միջոցով Հյուսիսը ջանում է արտադրել մարդկության համար ամենամահաբեր զենքերը։

Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային փորձարկումների պատճառով այս երկրի իշխանությունների ու հատկապես՝ երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Դոնալդ Թրամփի խոսքերն աշխարհի տարբեր երկրներում արժանացել են տարաբնույթ վերաբերմունքի։

Թրամփն ասել էր, որ եթե ԱՄՆ-ը ստիպված լինի Հյուսիսային Կորեայից պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին, կարող է լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեային։ Նույն ելույթի ժամանակ այդ երկրի առաջնորդին նա անվանել էր ՝՝հրթիռային տղա՛՛։ Հյուսիսը հետ չմնաց վիրավորական հայտարարություններով հանդես գալու հարցում, երբ այդ երկրի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն հենց Նյու Յորքում Թրամփի խոսքերը համեմատեց ՝՝շան հաչոցի՛՛ հետ։ Լրագրողների հարցերին ի պատասխան, նա ասաց նաեւ, թե խղճում է Թրամփի օգնականներին։

Այսինքն, աշխարհի ամենախոշոր կազմակերպության ամբիոնից ու նրա նստաշրջանի շրջանակներում անցկացվող հանդիպումների ընթացքում լսվում են 25 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիր կործանելու եւ աշխարհի ամենահզոր երկրի նախագահի խոսքը շան հաչոց անվանող հայտարարություններ, երբ Հյուսիսը շարունակում է զարգացնել միջուկային իր ծրագիրը, ԱՄՆ-ը՝ մտածում այն կասեցնելու մասին։ Այն պահին, երբ Չինաստանն ու Ռուսաստանն աշխարհում երկրորդ ու երրորդ ամենահզոր իրենց նավատորմերին պատկանող ռազմանավերն են բերում Ճապոնիայից հյուսիս գտնվող Օխոտսկի ծով՝ այստեղ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար է նախազգուշացրել Հյուսիսային Կորեային սպառնացող հայտարարություններով հանդես գալու կապակցությամբ՝ ասելով, թե հարկավոր չէ տրվել հույզերին ու հրել Հյուսիսին դեպի անկյուն։ Եվ այսօր Չինաստանի հետ միասին, ինչպես փորձագետներից շատերն են ասում, Ռուսաստանը զորավարժությունների միջոցով փորձում է հիշեցնել Թրամփին, որ Հյուսիսի հարցում պիտի ցուցաբերի մեծ զգուշություն։ Զորավարժություններով Մոսկվան ու Պեկինն ընդգծում են Հյուսիսային Կորեայի դեմ Ամերիկայի կողմից հնարավոր որեւէ հարձակում թույլ չտալու հարցում իրենց պատրաստակամությունը։

Իսկ խնդիրը, որ Հյուսիսը չունենա միջուկային զենք ու Կորեական թերակղզին, ինչպես նաեւ հարեւան Ճապոնիան ապրեն խաղաղ, դեռ չի լուծվում ու չեն էլ երեւում լուծման տարբերակներ հորիզոնում։m

Facebook Forum

XS
SM
MD
LG