Մատչելի հղումներ

Թրամփը որոշում է կայացրել Իրանի միջուկային համաձայնագրի մասին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, ուր նախագահը խոստացել էր հայտարարել մոտ ժամանակներում Իրանի միջուկային պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ տեղյակ չէ նախագահի հայտարարության մասին, սակայն միևնույն ժամանակ պաշտպանել է նախագահի հայտարարությունը:

«Հավելյալ աշխատանքներ են անհրաժեշտ ընդունված որոշման հետ կապված: Եկեք սպասենք մինչև պարզվեն բոլոր հարցերը, մինչեւ կհրապարակվի հայտարարությունը։ Կարծում եմ նախագահը շատ ճիշտ դիրքորոշում ունի: Նա խորհրդակցել է այս հարցի շուրջ բոլորի հետ, լսել բոլոր կարծիքներն ու փաստարկները»,- հայտարարել է Թիլերսոնը:

Թիլերսոնն ասել է, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում հանդիպում է ունեցել միջուկային պայմանագիրը ստորագրած այլ կողմերի հետ և վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգություններն այս համաձայնագրի վերաբերյալ:

Նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել համաձայնագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ այն անվանելով Միացյալ Նահանգների վատագույն համաձայնությունը:

Համաձայնագիրը կնքվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Ըստ դրա՝ Թեհրանը պարտավորվում է դադարեցնել իր միջուկային ծրագրի զարգացումը: Փոխարենը, Իրանի վրայից հանվում են տնտեսական ծանր պատժամիջոցները:

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները, ովքեր վերահսկում են համաձայնագրի իրականացումը, ընդգծում են, որ Իրանի գործողությունները համապատասխանում են համաձայնագրի տեխնիկական մասին: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումները և Թեհրանի աջակցությունը զինյալներին և Սիրիայի բռնակալ վարչակարգին չեն համապատասխանում համաձայնագրի բնույթին:

Facebook Forum

XS
SM
MD
LG