Մատչելի հղումներ

Ինչու՞ Իրաքի եզդիները չեն վերադառնում իրենց տուն


Իրաքի բանակը շարունակում է հետ մղել Դաեշ ծայրահեղական խմբավորման ջոկատներին, ինչի արդյունքում մեծաթիվ մարդիկ են սկսել վերադառնալ ազատագրված քաղաքներ։ Սակայն որոշ փոքրամասնությունների, ու հատկապես եզդիների տունդարձի ուղին դեռեւս լի է խոչընդոտներով։

Իրաքում Դաեշ ծայրահեղական խմբավորման կողմից նախկինում գրավված քաղաքների բնակիչներն աստիճաբար վերադառնում են իրենց տները։ Դրանցից է Մոսուլը, որտեղից անցած տարիներին հեռացել էր 1 միլիոն 7ՕՕ հազար մարդ։

Սակայն, ինչպես Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն է տեղեկացնում, հեռացած անձանցից ոչ բոլորն են ցանկանում վերադառնալ։ Պատճառներից մեկը, ասում են կազմակերպության փորձագետները, վախն է, որ վերադառնալիս կարող են ենթարկվել էթնիկական բաժանումների պայմաններում թշնամական վերաբերմունքի։

Փորձագետներից Հալա Ջաբերի խոսքերով, գլխավոր խոչընդոտն ակնհայտորեն կապված է անվտանգության խնդրի հետ։
Մյուս կողմից համատարած ավերածությունն է։ Մարտերի արդյունքում որոշ հատվածներում փլուզված է շենքերի 85 տոկոսը։

՝՝Մյուս ամենակարեւոր հանգամանքներից մեկը ապրելակերպն է։ Այսօր չկան նախկին հնարավորությունները՛՛, ասում է Ջաբերը։

Տեղի եզդի ազգաբնակչության համար տունդարձը նշանակում է անցած սարսափները վերհիշելու տանջամիջոց։ Իսլամիստ ծայրահեղականները սպանել են եզդի հազարավոր մարդկանց, կանանց ու աղջիկներին վերածել սեռական ստրուկների, գործողություններ, որոնք Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչել է որպես ցեղասպանություն։

Բրիտանական բարեգործական հիմնադրամաներից մեկի կողմից վերջերս անցկացված վեհաժողովն ուներ դեպի իրենց տները եզդի բնակչությանը վերադարձնելու ուղիներ որոնելու նպատակ։

Հիմնադրամի ղեկավարներից Էմմա Նիքոլսոնի խոսքերով, փախստականների ճամբարներն այլեւս փախստականներին չեն ծառայում։ ՝՝Դրանք դարձել են երեխաների թրաֆիքինգի, պարտադիր ամուսնությունների ու սպանությունների վայրեր՛՛։

Վեհաժողովին մասնակցում էր նաեւ եզդիների իշխանի թոռը՝ Դիար Ֆախրի Յուսիֆը, որը համարվում է էթնիկ այս ժողովրդի հոգեւոր առաջնորդը։ Նա ասում է, թե ՝՝Մեր համայնքն այլեւս կորցրել է մարդկության նկատմամբ հավատքը։ Մենք ուզում ենք վերադառնալ։ Բայց այս պահին մեզ դժվար է դա համոզելը՛՛։

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ հատկապես եզդիներն այսօր ունեն հոգեբանական ու հոգեւոր աջակցության մեծ կարիք։ Առանց նման աջակցության, ասում են փորձագետները, եզդիների համար գրեթե անհնար կլինի վերսկսել իրենց բնականոն կյանքը, առանց դրա, նրանք երբեք չեն վերադառնա իրենց տուն։

Facebook Forum

XS
SM
MD
LG