Մատչելի հղումներ

Այաթոլլահ Խամենեի. ՝՝Միջուկային գործարքի ոտնահարումը կարող է ուժեղ հակազդեցության արժանանալ Իրանի կողմից՛՛


Աշխարհի երկրների առաջնորդները հավաքվում են Նյու Յորքում, որտեղ սկսվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանը։ Մինչեւ ճառերով հանդես գալը, նրանք անցկացնում են տարբեր հանդիպումներ ու հրապարակում հայտարարություններ։

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին աշխարհին նախազգուշացնում է այն հետեւանքների մասին, որոնք, նրա խոսքերով, առաջ կգան միջուկային գործարքի հետ կապված ճնշումների արդյունքում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է քննադատել Իրանի եւ աշխարհի 5 պետությունների միջեւ 2Օ15 թվականին կնքված միջուկային գործարքը ու սպառնացել ԱՄՆ-ը դուրս բերել պայմանագրից։ Հիշեցնենք, որ ըստ գործարքի, Իրանը պիտի հրաժարվեր միջուկային իր ծրագրից, ինչին ի պատասխան, Արեւմուտքը պիտի հրաժարվեր Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից։
Խամենեին հայտարարել է, թե ԱՄՆ-ը չպիտի փորձի որեւէ կերպ վախեցնել Իրանին։

՝՝Պայմանագրի հարցում կեղեքիչ համակարգի կողմից սխալ որեւէ քայլ, կարժանանա Իսլամական Հանրապետության հակազդեցությանը՛՛, հայտարարել է Խամենեին։

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կիրակի օրը ժամանել է Նյու Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հետ նախատեսում է քննարկել նշված գործարքը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՝՝ՍիԲիԷս՛՛ հեռուսատակայանին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե ինքը կարծում է, որ Իրանը տեխնիկապես հարգում է համաձայնագրի պայմանները, սակայն չի գործում փաստաթղթի լեզվի ոգուն համապատասխան։

Իրանն իր հերթին բողոք է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի, հայտարարելով, թե նոր պատժամիջոցներ սկսելու կամ համաձայնագրից ընդհանրապես դուրս գալու մասին Վաշինգտոնի սպառնալիքները կարող են դառնալ պայմանագիրը խախտելու միջոց։

ԱՄՆ-ը հինգշաբթի օրը երկարաձգեց Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների որոշ մասը, սակայն դեռեւս չի կայացվել պայմանագրից դուրս գալու կամ այն հարգելու մասին որոշում։

Պայմանագրում ասված է, որ այն ստորագրող բոլոր կողմերը հեռու պիտի մնան գործարքը վնասելու հնարավորություններից։

Facebook Forum

XS
SM
MD
LG