Մատչելի հղումներ

Դեր Զորի բնակչությունը փորձում է վերադառնալ խաղաղ կյանքին: Երկար ժամանակ քաղաքը գտնվում էր Դաեշ-ի վերահսկողության ներքո: Դաժան մարտերից հետո կառավարական ուժերը ազատագրեցին այն:

Քաղաքում վերականգնվում են պետական մարմինները: Անվտանգության ուժերը շարունակում են քաղաքի շրջակայքը մաքրել Դաեշ-ի զինյալներից՝ վերջնականապես հեռացնելով ահաբեկչական խմբավորմանը այս տարածքներից:

«Մեր նպատակն էր բացել ճանապարհը Պալմիրայից Դեր Զոր, և մենք դա արեցինք: Դժվար էր, սակայն սիրիական բանակը կարևոր ռազմավարական հաղթանակ տարավ»,- ասում է Դեր Զորի գործողության ղեկավար գեներալ Մոհամադ Խադուրը:

Տեղի բնակչությունը լծվել է քաղաքի ճանապարհների մաքրման աշխատանքներին: Բանակը շարունակում է քաղաքին մատակարարել սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Մենք աշխատավոր մարդիկ ենք ու երբեք չենք հոգնում: Մենք կօգնենք բանակին վերականգնել ճանապարհները»,- ասում է ճանապարհի մաքրմանը մասնակցող աշխատողներից մեկը:

Քաղաքը աստիճանաբար վերակենդանանում է: Մարդկանց դեմքին կարելի է տեսնել ժպիտ:

«Ո՛չ սնունդ կար, ո՛չ էլ խմելու ջուր: Ջուրը մատակարարում էին 4-5 օրը մեկ: Երբ սիրիական բանակը վերադարձավ, նրանք մեզ բերեցին ամեն ինչ, ներառյալ հաց, սնունդ ու ջուր»,- ասում է Դեր Զորի բնակիչ Սամիրը:

Դեր Զորի կորուստը ևս մեկ հարված էր Դաեշ-ի դիրքերին Սիրիայում, որը աստիճանաբար կորցնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG