Մատչելի հղումներ

Փհենյանը շարունակում է ապակայունացնել տարածարշրջանը


Pedestrians look at a television screen broadcasting a news report in Tokyo, following a North Korean missile test that passed over Japan, Sept. 15, 2017.

Ուրբաթ օրը Հյուսիսային Կորեան մեկ այլ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, որին ի պատասխան արձագանքեցին Ճապոնիայի ու Հարավային Կորեայի զինված ուժերը:

Փհենյանի հրթիռի այս արձակմանը նախորդել էր ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Հյուսիսային Կորեայի:

«Մենք կշարունակենք ուժեղացնել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու համակարգումը՝ Հյուսիսային Կորեային ստիպելու զերծ մնալ նման գործողություններից: Մենք վերահաստատում ենք կոշտ դիրքորոշումն այս հարցում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշման վերաբերյալ»,- հայտարարել է Ճապոնիայի պետքարտուղար Յոշիհայդ Սուգան:

Հարավային Կորեան արձագանքեց այս գործողություններին՝ դեպի ծով արձակելով Hyunmoo-II հրթիռը, որն անցավ ճիշտ այնքան տարածություն, որքան անհրաժեշտ է Փհենյանի Սունան ռազմաօդային կայանին հարվածելու համար:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա-ինը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, ուր քննարկվել են ստեղծված իրավիճակն ու հնարավոր արձագանքման տարբերակները:

«Այս իրավիճակում հնարավոր չէ երկխոսել Հյուսիսային Կորեայի հետ: Հյուսիսային Կորեան պետք է առերեսվի միջազգային հանրության ավելի կոշտ պատժամիջոցների և ճնշումների հետ, որպեսզի սկսի երկխոսություն վարել: Մեր երկիրը պետք է համապատասխանաբար պատրաստ լինի Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքին հակազդելու և Հյուսիսային Կորեային պատժելու, եթե այն դիմի մեր դեմ ռազմական գործողությունների»,- նշում է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա-ինը:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի խնդրանքով կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ այս հարցի վերաբերյալ: ԱՄՆ-ը պնդում է, որ խնդրի դիվանագիտական կարգավորումը ցանկալի լուծում է, սակայն չի բացառում լուծման ռազմական տարբերակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG