Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մի խումբ աջակիցների հետ միասին Ուկրաինայի սահմանը հատելուց հետո ցանկանում է իր կողմը գրավել երկրի ընդդիմությանը, երբ Կիեւի իշխանություններն ունեն նրան ձերբակալելու ցանկություն ու հնարավորություն։
Սահմանն անցնելուց մեկ օր անց, Վրաստանի նախկին նախագահը հայտարարում է, թե միավորելու է այս երկրի ընդդիմադիր ուժերին ընդդեմ իր նախկին դաշնակից, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի։ Նա հայտարարում է նաեւ, թե շրջայց է սկսում երկրի տարածքում, իր նկատմամբ աջակցությունը խորացնելու նպատակով։
Սաակաշվիլին մտադիր է 2Օ19 թվականի նախագահական ընտրություններում պարտության մատնել Պորոշենկոյին, ում մեղադրում է 2Օ14 թվականի Մայդանի բողոքի ցույցերի ժամանակ տված խոստումներն ուրանալու մեջ։
Հարցումների արդյունքները չեն խոսում Սաակաշվիլիի հնարավոր հաղթանակի մասին։ Սակայն միանիշ թվերով հաշվվող նրա վարկանիշը կարող է պարզապես նպաստել ընդդիմադիր գործիչներից Յուլիա Տիմոշենկոյին։
Դեռեւս պարզ չէ, թե ինչ ռազմավարություն է Կիեւն ընդունելու Սաակաշվիլիի հարցով։ Ինչպես փորձագետներն են ասում, Ուկրաինայի իշխանությունները ներկայումս կարող են պարզապես անտեսել նրա ներկայությունը, կամ էլ կարող են ձերբակալել ու արտահանձնել Վրաստանին։
Սաակաշվիլին ու նրա աջակիցները կիրակի օրն ուժի միջոցով են անցել սահմանապահների շարքը, չնայած այն հանգամանքին, որ Պորոշենկոն նրան զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Բացի այդ, այստեղ նրան սպառնում է ձերբակալվելու վտանգը։
Ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել կիրակի օրվա միջադեպի հարցով։ Գլխավոր դատախազն էլ հայտարարել է, թե սահմանն անօրինական կերպով հատած անձանց դեմ հարուցվելու են մեղադրանքներ։
Facebook Forum