ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է կառավարությունը ֆինանսավորելու հարցում դեմոկրատների հետ աշխատելու իր որդեգրած քաղաքականությունը, երբ նրա կուսակից հանրապետականները քննադատում են նախագահի նման մոտեցումը:
Հինգշաբթի օրը, հանդես գալով Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ինքը դեմոկրատների հետ կնքել է այնպիսի գործարք, որը բխում է ամբողջ երկրի շահերից:
‘’Մենք ունենք տարբեր տեսակետներ, տարբեր զգացումներ, տարբեր գաղափարներ, բայց կարծում եմ, աստիճանաբար դառնալու ենք ավելի միասնական’’, ասել է նախագահը:
Համաձայնությունը կայացվել էր նախորդ օրը, որին մասնակցել էին Կոնգրեսի Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները:
Կողմերը համաձայնվել են մի կողմ դնել պետական ծախսումների ու երեք ամսով պարտքի ժամկետը երկարաձգելու հարցերի շուրջ տարաձայնությունները:
Ըստ գործարքի, նախատեսվում է նաեւ միլիարդավոր դոլարներ հատկացնել Հարվեյ ծովարմրրկի հետեւանքները վերացնելու համար:
Հանրապետական կոնգրեսականներից շատերն են դժգոհ դեմոկրատների հետ սերտ աշխատելու Թրամփի այս քայլերից: Բայց ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն է ասում, ‘’Երկկուսակցական հանդիպումները կարեւոր են հատկապես հիմա, երբ երկիրը գտվում է երկու ծովամրրիկների հարուցած մարտահրավերների առջեւ’’:
Թրամփը մինչ այժմ փորձել է գոհացնել քաղաքական իր հետեւորդներին ու աջակիցներին: Վերլուծաբաններից շատերի խոսքերով, նա այսօր փորձում է ավելի մեծ կարգապահություն ցուցաբերել, ինչը հավանաբար նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի ազդեցության արդյունքն է:
Նրանցից Քրիս Ուիփլիի խոսքերով, յուրաքանչյուր նախագահ էլ կանգնում է այս նույն դժվարության առջեւ, մինչեւ ըմբռնելը, որ հարկավոր է Սպիտակ տանը բոլորից առավել վստահել ու ավելի մեծ լիազորություններ տալ աշխատակազմի ղեկավարին:
Թրամփը հույս ունի հարթել նաեւ Օբամաքեըրը մեկ այլ ապահավագրական համակարգով փոխարինելու ճանապարհին գտնվող խոչընդոտները:
Վիրջինիայի համալսարանից Լարրի Սաբաթոյի խոսքերով, Թրամփը լավ է կոչեր անելու հարցում: ‘’Սակայն շատ վատ է մանրամասնությունների բնագավառում: Իսկ լավ նախագահ լինելու համար, եւ օրենքները հաստատելու համար հարկավոր է շատ լավ իմանալ մանրամասնությունները’’:
Նախագահն այս պահին ուղիներ է որոնում, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում իր կուսակից հանրապետականներն իր պատճառով չկորցնեն աթոռներ: