Սպիտակ տանը Քուվեյթի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Հյուսիսային Կորեայի խնդրին:
«25 տարի է բոլոր նախագահներն այս խնդրի շուրջ խոսում են ու խոսում, ու երբ հասնում են համաձայնության, հաջորդ օրը Հյուսիսային Կորեան սկսում է նոր աշխատանքներ միջուկային սպառազինության շուրջ: Ես կգերադասեմ չգնալ ռազմական լուծման ճանապարհով, սակայն դրա հավանականությունը չեմ հերքում»,- ասել է նախագահ Թրամփը:
Վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել իր գործընկերների հետ Ասիայում և Եվրոպայում՝ քննարկելով Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրը:
Եվրամիությունն աջակցում է Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությանը:
«Բոլոր այն ճնշումները, ներառյալ ՄԱԿ-ի պատժամիջոցներն ու Եվրամիության առանձին պատժամիջոցները, նպատակ են հետապնդում հնարավորություն ստեղծել դիվանագիտական երկխոսության համար, որն այս պահին բացակայում է»,- նշում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Իր հերթին Չինաստանը հայտարարել է, որ այն աջակցում է ՄԱԿ-ի հետագա քայլերն ընդդեմ Փհենյանի՝ ի պատասխան վերջինիս 6-րդ միջուկային փորձարկմանը, սակայն այս պահի դրությամբ Պեկինը չի դադարեցրել գազի և նավթի մատակարարումը Փհենյանին: Չինաստանը Հյուսիսային Կոերեայի ամենամտերիմ դաշնակիցն է և պնդում է, որ Փհենյանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցները չեն նվազեցնի լարվածությունը կորեական թերակղզում:
Այս ընթացքում Միացյալ Նահանգները պատրաստել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին է տրամադրել նոր պատժամիջոցների մասին բանաձևի նախագիծ, որը փորձում է քվեարկության դնել հաջորդ երկուշաբթի:
Facebook Forum