Մատչելի հղումներ

Սիրիայում ռազմական հաղթանակին պետք է հետեւի քաղաքական հաշտեցում


«Դեր էլ Զորը գրեթե ազատագրված է, իրականում, կարող ենք այն արդեն ազատագրված համարել, դա ընդամենը ժամերի խնդիր է: Հաջորդը Ռաքան է», - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միստուրան լավատեսորեն է տրամադրված՝ վերջապես Դաեշի ահաբեկիչները ստանում են մահացու հարվածներ, որոնցից վերջինը Ռաքայի ազատագրումն է լինելու:

Սակայն, այդ ընթացքում հնարավոր են քաղաքացիական անձանց մեծ կորուստներ. ՄԱԿ-ը հիշեցնում է, որ Դեր էլ Զորի շրջանում, Սիրիայի Արեւելքում բնակվում է մեկ միլիոնից ավելի մարդ: Շրջանի հարուստ նավթային պաշարները նաեւ վկայում են, որ Դաեշի ահաբեկիչներն ամեն կերպ փորձելու են պահպանել այդ տարածքները: Արդեն իսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ընդհանուր զորակոչ է հայտարարել:

ՄԱԿ-ի հատուկ բանագնացի խոսքով, Սիրիայում տարածքի ազատագրումը ահաբեկիչներից միաժամանակ ազդանշան է Սիրիայի իշխանությունների, ընդդիմության եւ բոլոր ներգրավված կողմերի համար, որ ժամանակն է բանակցելու.

«Կարող եմ հաստատել, որ մենք նախատեսում ենք լուրջ բանակցություններ անցկացնել հոկտեմբերին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Հույս ունեմ, այդ ընթացքում մեզ կհաջողվի ընդհանուր գործնական մոտեցում մշակել»:

Դե Միստուրայի խոսքով, մինչ հիմնական բանակցությունների սկիզբը, Սիրիայում ներգրավված բոլոր կողմերը հնարավորություն կունենան նախնական քննարկումներ անցկացնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում: Ռազմական հաղթանակի հեռանկարն արդեն երեւում է, սակայն, դրան պետք է հետեւի մարդասիրական եւ քաղաքական լուրջ գործընթաց, հիշեցնում է ՄԱԿ-ի բանագնացը:

Facebook Forum

XS
SM
MD
LG