Մատչելի հղումներ

«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», - Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրվա լսումները նվիրված էին թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտներին: Հանձնաժողովի ղեկավար սենատոր Բոբ Քորքերի խոսքով, հիմնական խոչընդոտը Թուրքիայի ղեկավարության հակաժողովրդավարական գործողություններն են.

«Էրդողանը ոչ միայն ճնշում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին եւ անմեղ ամերիկացիներին Թուրքիայի ներսում, այլեւ նա հակադրվում է սեփական դաշնակիցներին. Նախորդ ամիս Թուրքիան որոշել է Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլար վճարել հրթիռային համակարգի համար, որն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հետ»:

Սենատորների եւ փորձագետների կարծիքով, հաշվի առնելով ներկա զարգացումները, հնարավոր է, ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհները: Սթիվեն Քուքը հիշեցրեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համակարգում չի վերանայվել.

«Թուրքիան միգուցե եւ դաշնակից է, սակայն՝ գործընկեր չէ»:

Թվարկելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական խնդիրները, վերլուծաբանը Թուրքիայի ներսում ժողովրդավարության դեմ ուղղված քայլերի հետ միասին նշում է նաեւ Անկարայի թշնամական վերաբերմունքը Դաեշի ահաբեկիչների դեմ պայքարում Միացյալ Նահանգների դաշնակից քրդական խմբերի նկատմամբ: Ի պատասխան Թուրքիայի գործողությունների, Միացյալ Նահանգները կարող է պետական մակարդակով հետազոտել եւ հրապարակել Թուրքիայի հետ հարաբերությունների արժեքը եւ նշանակությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայում գտնվող Ինչիրլիքի ռազմակայանից ամերիկյան զինուժի տեղափոխումը այլ երկիր.

«Թուրքերն անընդհատ փորձում են խաղալ ռուսների, իրանցիների եւ ամերիկացիների հակասությունների վրա: Ամեն անգամ, երբ մեզ հետ թուրքերը խնդիրներ են ունենում, թուրք պաշտոնյաները հանկարծ Թեհրանում են հայտնվում կամ բարձրաձայնում են չինացիներից կամ ռուսներից զենքի ձեռքբերման մասին»:

Սենատորները հիշեցնում են, Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է եւ Վաշինգտոնի նպատակն է հորդորել Թուրքիային աշխատել Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի դեմ: Սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ իրեն ժողովրդավար երկրի ղեկավար անվանող Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի ամիս առաջ անց էր կացրել բոլորովին էլ ոչ ժողովրդավարական հանրաքվե.

«Թուրքիայի ժողովուրդն արժանի է առաջնորդների, ովքեր կպաշտպանեն ժողովրդավարությունն այդ երկրում»:

Սենատորը նշել է նաեւ, որ ռուսական S400 տիպի հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից հավանաբար հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ օրենքի մակարդակով ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին, ուստի, կարող է հետեւանքներ ունենալ Թուրքիայի պետության համար, ինչպես նաեւ ցանկացած պետության, որը կորոշի առաջադեմ ռուսական զենք ձեռք բերել:

Facebook Forum

XS
SM
MD
LG