Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիրիլ Սերեբրենիկովի ձերբակալման հետ կապված հարցում չկա որևէ գրաքննության կամ ճնշման տարր: Ռեժիսորի գործերը սովորաբար զայրացնում են ռուս պահպանողական շրջանակներին:
«Սերեբրենիկովը ստացել է պետական միջոցներ, որը նշանակում է այստեղ չի եղել որևէ գրաքննություն, ճնշում կամ նման մի բան: Հակառակ դեպքում նա չէր ստանա պետական միջոցներ, եթե մենք ցանկանայինք սահմանափակել ստեղծագործական միտքը: Տեղյակ եմ, որ կան տարբեր կարծիքներ նրա գործունեության մասին, սակայն դա ճաշակի հարց է: Իսկ եթե իշխանությունները տրամադրում են պետական միջոցներ, ապա գոնե չեզոք դիրք ունեն այս առումով և թույլ են տալիս, որ մշակույթի գործիչը ստեղծագործի»,- նշել է Պուտինը:
Ռուսաստանի դատախազը հայտարարում է, որ Կիրիլ Սերեբրինիկովը կասկածվում է 1,17 միլիոն դոլարի պետական միջոցների վատման մեջ: Ընդդիմադիր մամուլի մի քանի հրապարակումներ սակայն պնդում են, որ Սերեբրենիկովի ձերբակալման գործում ակտիվ մասնակցություն ունեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների համապատասխան բաժինները, որոնք պայքարում են սահմանադրական կարգի պահպանման հետ:
«Իրավական միակ խնդիրը կապված է բյուջետային միջոցների ծախսման օրինականության հետ, և այդ միջոցները փոքր չեն»,- նշել է նախագահ Պուտինը:
Սերեբրենիկովի գործը մեծ արձագանք ստացավ երկրի մտավորական լիբերալ շրջանակներում, ովքեր մտահոգություն ունեն, որ ռեժիսորը հետապնդվում է իր ստեղծագործական գործունեության համար: Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում իրավապաշտպան Վյաչեսլավ Բախմինը ընդգծել է, որ նույն ոճով գործում էր խորհրդային ՊԱԿ-ը, որն այլախոհության դեմ պայքարի հատուկ բաժին ուներ: Բախմինը կարծում է, որ այսօր ի տարբերություն խորհրդային ժամանակների այլախոհների դեմ պայքարում են՝ օգտագործելով տնտեսական կամ քրեական բնույթ ունեցող մեղադրանքներ: Մեկ այլ իրավապաշտպան և լրագրող Վիկտոր Դավիդովը վստահ է, որ Սերեբրենիկովի հետապնդումը նախաձեռնել են հատուկ ծառայությունները՝ պահպանողական և հոգևորոկան շրջանակների դրդմամբ:
«Հետաքննող ու աուդիտ անցկացնող մարմինները, երբ հայտնաբերում են օրենքի խախտում, պետք է հանձնեն օրինախախտներին արդարադատությանը անկախ նրանից, թե ով է օրինախախտը»,- ընդգծում է Վլադիմիր Պուտինը:
Նախագահ Պուտինը հերքում է առաջադրված մեղադրանքների քաղաքական բնույթը:
«Միայն դատարանը կարող է ասել, թե մեղավոր է նա, թե ոչ: Հուսամ մեր հետաքննությունը կանցնի արագ և շուտ կավարտվի: Դրանից հետո միայն կերևա, թե որն է հաջորդ քայլը»,- հայտարարել է նախագահ Պուտինը:
Այս պահին Կիրիլ Սերեբրենիկովը գտնվում է տնային կալանքի տակ և սպասում դատական նիստին: Նա կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Սպիտակ տան մամլո խոսնակը վերջերս խուսափել էր պատասխանել Սերեբրենիկովի գործին առնչվող լրագրողի հարցին:
Facebook Forum