Հարվի փոթորիկի մեղմացման արդյունքում հնարավոր դարձավ սկսել փրկարարական աշխատանքներ Հյուսթոնում, սակայն Հյուսթոնի քաղաքապետը զգուշացնում է, որ չեն բացառվում նոր դժվարություններ:
«Մինչև հինգշաբթի եղանակը հանգիստ կլինի: Դա լավ լուր է, սակայն հավաքված հսկայական քանակի ջուրը ստեղծում է ջրհեղեղի վտանգ՝ շրջակա ջրամբարներ ու լճեր լցվելու դեպքում: Արդեն ստանում ենք ջրհեղեղի մասին լուրեր, ուստի խնդիրները լուծված չեն, անգամ եթե եղանակը պարզվեց», - ասում է քաղաքապետ Սիլվեսթր Թըրները:
Չնայած ջրհեղեղի վտանգին՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հազարավոր մասնագետներ ու կամավորներ օր ու գիշեր ներգրավված են այս գործում:
«Մենք համագործակցում ենք քաղաքի իշխանությունների հետ: Երբ նրանք ասացին, որ անհրաժեշտ է եկեղեցում ստեղծել ժամանակավոր կացարան, մենք համաձայնվեցինք»,- ասում է Լեյքվուդ եկեղեցու հոգևոր հայր Ջոել Օսթինը։
Նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Թեքսաս և խոստացել օգնել մարդկանց: Նա կոչ է արել նահանգային և քաղաքային իշխանություններին շարունակել համագործակցությունը:
«Սա մեկ թիմ է, և մենք պետք է բարելավենք աշխատանքները: Հինգ կամ տաս տարի հետո մարդիկ պետք է նայեն մեզ ու նշեն, որ այսպես պետք է աշխատել»,- ասել է նախագահը:
Նախագահը խոստացել է, որ վարչակազմն ու Կոնգրեսը օգնություն կցուցաբերեն տուժածներին: Նա չի այցելել Հյուսթոն քաղաքը, որպեսզի չխաթարի փրկարարական աշխատանքներն այնտեղ: Սակայն Սպիտակ տունը հաղորդում է, որ նախագահ Թրամփը նախատեսում է շաբաթ օրը կրկին այցելել Թեքսաս և հավանաբար Լուիզիանա նահանգներ՝ փրկարարական աշխատանքներին ծանոթանալու համար:
Facebook Forum