Մինչեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելը, Դոնալդ Թրամփը խոստանում էր դառնալ միասնության խորհրդանիշ: Սակայն այսօր շատերն են ասում, որ նախագահի պաշտոնում նա ավելի շատ հանդես է գալիս որպես բաժանարար:
Հանդես գալով Նեւադա նահանգի պատերազմի վետերանների առջեւ’ Թրամփը խոսեց միասնության կարեւորության մասին: ‘’Եկել է վերքերը բուժելու ժամանակը, այն վերքերը, որոնք բաժանում են մեզ միմյանցից: Եկել է մեր արժեքների վրա հիմնված, նոր միասնություն կազմելու ժամանակը’’, հայտարարեց նա:
Սակայն դրանից մեկ օր առաջ Ֆինիքս քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ Թրամփը մոռացել էր դրա մասին ու խոսքը նորից ուղղում էր ընդդեմ մամուլի: Ավելին, նա հանդես էր գալիս Շարլոթսվիլի դեպքերից հետո երկու կողմերին մեղադրելու մասին իր խոսքերն արդարացնող հայտարարություններով:
Այդ պատճառով Թրամփին աջակից հանրահավաքների կողքին ավելանում է հակացույցերի մասնակիցների թիվը: Ինչպես Թրամփի դեմ անցկացվող ցուցարարներն են ասում, իրենք պարզապես զարմանում են, թե ինչպես կարող է այս կերպ վարվել երկրի նախագահը:
Նախկինում ճգնաժամերն օգնել են նախագահներին ավելի համախմբել ժողովրդին:
‘’Սակայն դա այդպես տեղի չունեցավ Թրամփի դեպքում Շարլոթսվիլի բախումներից հետո’’, ասում է Ամերիկյան համալսարանից Ալան Լիխթմանը: Թրափը շարունակում է ստանալ անբավարար գնահատականներ, ասում է նա:
Սակայն իրական ճգնաժամ կարող է առաջ գալ հատկապես Թրամփի ու Կոնգրեսի ղեկավարների միջեւ լարվածության դեպքում:
Ինչպես Վիրջինիայի համալսարանից Լարրի Սաբաթոն է ասում, Թրամփի դեմ բողոքի իսկական ալիքը կարող է գալ նրա իսկ կուսակից հանրապետականներից, որոնք այսօր մեծամասնություն են կազմում զույգ պալատներում: Նա հիշեցնում է, որ 2018 ոչ թե Թրամփը, այլ նրանք են կանգնելու վերընտրվելու խնդրի առջեւ: Ուրեմն, եթե ոչ Թրամփը, ապա նրանք այսօրվանից պիտի մտածեն միասնության մասին:
Չէ որ վերջին հարցումների համաձայն, բնակչության 62 տոկոսը կարծում է, որ Թրամփը հանդես է գալիս ոչ թե համախմբողի, այլ մասնատողի դիրքերից:
Facebook Forum