Թեքսասի 23-րդ ընտրական շրջանը քվեարկել էր նախագահի թեկնածու Հիլարի Քլինտոնի օգտին: Միևնույն ժամանակ այստեղից ԱՄՆ-ի Կոնգրես էր ընտրվել աֆրոամերիկացի հանրապետական Ուիլ Հարդը:
Վերջինիս մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են Վաշինգտոնից եկած նախաձեռնությունների հետ, ներառյալ Մեքսիկայի հետ պատի կառուցման գաղափարը:
«Մենք շատ ենք խոսում սահմանների անվտանգության մասին: Մարդիկ հետաքրքրված են ավելի շատ, թե ինչպես կառուցել այն՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները»,- ասում է կոնգրեսական Հարդը:
Կոնգրեսական Հարդը հանդիսանում է պատի կառուցման հարցում բարձր տեխնոլոգիաների կիրառման ջատագովը: Նրա ընտրական տեղամասը ընդգրկում է ծավալուն մի տարածք: Նա իր ընտրողներին է ներկայացնում սահմանին պատ կառուցելու սեփական տեսլականը:
«Մենք չենք կարող միատար դիտարկել սահմանը: Դուք այդ գիտեք: Սահմանի յուրաքանչյուր մղոն ունի իր կառուցման առանձնահատկությունը»,- ասում է Հարդը:
Սակայն Հարդի մոտեցումը վստահելի չի թվում սահմանային մի շարք քաղաքների ընտրողներին, որոնցից են Իգլ Փաս քաղաքի բնակիչները, ովքեր մտահոգված են թմրանյութերի ներթափանցման խնդրով:
«Մենք ամբողջ կյանքում տառապում ենք այս խնդրի պատճառով, և դուք մեզ ասում եք մենք չպե՞տք է ունենանք պատ: Մենք այն կկառուցե՛նք»,- ասում է Իգլ Փասի բնակիչ Էնրիկիո Բարերան:
Նրանց մեկ այլ մտահոգությունն է անօրինական ներգաղթը:
«Այն պետք է դադարի, և մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը»,- ասում է Էնրիքեթա Դայասը Իգլ Փասից:
Թե՛ Էնրիկիո Բարերան և թե՛ Էնրիքեթա Դայասը սակայն, չնայած պատի կառուցման հարցում իրենց անհամաձայնությանը Հարդի հետ, խոստովանում են, որ կքվեարկեն կրկին նրա օգտին:
Հարդի քաղաքական հակառակորդ դեմոկրատ Փիթ Գալեգոն, սակայն, կասկածի տակ է դնում Հարդի դիրքորոշումը:
«Նա կասի, որ դեմ է պատի կառուցմանը որպես այդպիսին, սակայն նա քվեարկել է դրա օգտին, որը չի համապատասխանում նրա արտահայտած դիրքորոշմանը»,- ասում է Գալեգոն
Այս մոտեցումը խնդրահարույց է Հարդի համար: Նրա դեմ արդեն ձևավուրվում է ընդդիմություն, որը պատրաստվում է ձեռնոց նետել Հարդին գալիք 2018 թվականի միջանկյալ ընտրություններին: Ռոսի Աբուաբարան առաջնորդում է ընդդիմադիր խումբը:
«Մենք նրան կոշտ քննադատության ենք ենթարկում, և դա դուր չի գալիս շատ հանրապետականներին»,- ասում է Աբուաբարան:
Թեքսասի 23-րդ ընտրատեղամասում սպասվում է բուռն քաղաքական պայքարի շրջան և քննարկումներ, ներառյալ սահմանային պատի կառուցման հարցի շուրջ:
Facebook Forum