Մատչելի հղումներ

Հայաստանի Անկախության հռրչակագիրը 27 տարեկան է


The Armenian national flag
The Armenian national flag

Անկախության հռչակագրի ընդունումը պետականության հաստատման առաջին քայլերից է: Հռչակագիրը պետականության հիմնադրման կամ նոր հասարակարգի ձևավորման ազդարարման ձև է: Ընդունված որոշ պատմական հռչակագրերի դրույթներն առայսօր հանդիսանում են միջազգային իրավունքի կամ մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության անբաժանելի մասը:

Այդպիսին է օրինակ Թոմաս Ջեֆերսոնի նախագծած ԱՄՆ-ի անկախության մասին հռչակագիրը՝ ընդունված 1776 թվականի հուլիսի 4-ին: Միացյալ Թագավորության դեմ Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի օրերին ամերիկյան 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի մայրցամաքային 2-րդ կոնգրեսում հաստատում են հռչակագիրը, որը հիմք դրեց Միացյալ Թագավորությունից ամերիկյան գաղութների անջատմանը և նոր պետականության հիմնադրմանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որտեղ ամերիկյան գաղութներն անվանվեցին Միացյալ Նահանգներ:

18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով գրված՝ այս փաստաթուղթը ունեցավ կարևոր պատմական նշանակություն ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև այլ ազգերի համար: Մասնավորապես դրա ազդեցության ներքո գրվեց Մարդու և քաղաքացու իրավունքների 1789 թվականի հռչակագիրը, որը ֆրանսիական հեղափոխության հիմնարար փաստաթղթերից է:

Անկախության հռչակագրերի ընդունման հիմքում ընկած է պայքարն ազատության համար ընդդեմ բռնակալության: Այդպիսի էր ամերիկյան գաղութների ընդունած Անկախության մասին հռչակագիրը, և այդպիսին է նաև իր բնույթով դրանից ավելի քան 200 տարի անց ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Խորհրդային կայսրությունից Հայաստանի անկախացման գործընթացին:

27 տարի առաջ օգոստոսի 23-ին դեռևս Խորհրդային Հայաստանի խորհրդարանն ընդունեց է Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեցր Հայաստանի Հանրապետություն:

Հանրապետության վերանվանումն Անկախության հռչակագրի միակ կարևոր փոփոխությունը չէր: Հաստատվեցին Հայաստանի նոր զինանշանը, դրոշը, օրհներգը, ընդգծվում էր Հայաստանի Հանրապետության օրենքների գերակայությունը խորհրդային օրենքների նկատմամբ: Հայերենը հռչակվում էր պետական լեզու:

Հռչակագրում ուրվագծում էր ապագա Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության ներքին և արտաքին անվտանգության ապահովման համակարգն ու կառույցները: Ներածությունից և 12 կետերից բաղկացած Հռչակագիրը հանդիսացավ ապագա Սահմանադրության հիմքը:

Զուգահեռ, մայրաքաղաքում այդ օրերին ընթանում էին հանրահավաքներ ընդդեմ խորհրդային կարգերի: Հռչակագրի ընդունման օրը Երևանի նախկին Օպերայի, ներկայումս՝ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին Անկախության հռչակագրի տեքստը հանրությանը ընթերցեց Հայոց Համազգային Շարժման անդամ Արամ Մանուկյանը: Խորհրդանշանական է, որ Հայաստանի 1918թ ԱռաջինՀանրապետության հռչակման մասին ազդարարել էր Հայ Հեղափոխական Դաշնացության անդամ, պետական գործիչ Արամ Մանուկյանը:

Հռչակագրի ընդունումից մոտ մեկ տարի անց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացվեց հանրաքվե, որը ավարտին հասցրեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ձևավորման գործընթացը: Դրանով հայ ժողովրդի կյանքում բացվեց նոր էջ և սկսվեց անկախ պետականության դարաշրջանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG