Մատչելի հղումներ

Թրամփն այցելել է Արիզոնա՝ խուսափելով ստեղծված ներքաղաքական ճգնաժամից


Donald Trump

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնայի մայրաքաղաք Ֆենիքսում հանդիպել է իր աջակիցների հետ, քանի դեռ ամերիկյան հասարակությունն ու մամուլը չեն դադարում քննարկել Շարլոթսվիլում նեոֆաշիստների և սպիտակամորթ ազգայնական խմբավորումների ցույցի վերջում տեղի ունեցած բռնարարքներն ու 32-ամյա ակտիվիստ Հեդեր Հեյերի սպանությունը:

Թեև Թրամփի աշխատանքային արձակուրդն ավարտվել է ու նա վերադարձել է Վաշինգտոն, Շարլոթսվիլի իրադարձությունների առնչությամբ նրա հակասական հայտարարությունները ավելի են բևեռացարել ամերիկյան հանրությանը:

«Շատ վատ մարդիկ կային այդ խմբում: Բայց, միևնույն ժամանակ, երկու կողմերում էլ շատ հիանալի մադիկ կային», - հայտարարել էր Թրամփը Շարլոթսվիլի դեպքերից հետո:

Անցյալ ամիս Արևմտյան Վիրջինիայում, իսկ այսօր՝ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, Թրամփը շարունակում է ապահովել նախընտարական քարոզարշավ հիշեցնող հանդիպումների ձևաչափն ու պարբերականությունը՝ իր աջակիցների և ընտրազանգվածի հետ կապը վերականգնելու նպատակով:

Շարլոթսվիլի դեպքերից հետո, ինչևէ, բավականին հայտնի և ազդեցիկ հանրապետականներ գտնում են, որ Թրամփը պետք է անի ավելին՝ երկփեղկված հասարակությանը միավորելու ուղղությամբ:

«Քաղաքական նկատառումներով առկա պառակտումներն է՛լ ավելի սրելը բանաձև չի առաջարկում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և հաղթահարման համար»- կարծում է սենատոր Բոբ Քորկերը:

Վերլուծաբան Հանս Նոելի կարծիքով, Թրամփի առաջնորդ լինելու ունակությունները ենթակա են քննման:

«Շատերի համար, կարծում եմ, այս իրողությունը բացահայտեց, որ դժվարին և կարևորագույն պահերին նա ունակ չէ ստանձնել բարոյական առաջնորդի իր դերը»:

Պատմաբան Ալան Լիխտմանի կարծիքով, Թրամփը շարունակում է հանրապետականներին կոշտ երկընտրանքի առջև կանգնեցնել:

«Նրանք չեն համակերպվում Թրամփի հետ, քանի որ նա բեռ է դարձել իրենց քաղաքական թևի համար, իսկ իշխանության մեծամասնություն ունենալով՝ չես կարող չմտածել քաղակական գոյամարտի մասին: Եվ մյուս կողմից, առանց նրա՝ հանրապետականները կկորցնեն իրենց քաղաքական հենարանը»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը վերսկսեց իր աշխատանքային շաբաթը առանց իր կարևոր ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվ Բանոնի, ով պաշտոնանակ արվեց անցյալ շաբաթ Սպիտակ Տան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ վերջին ամիսներին ունեցած հաճախակի բախումների պատճառով:

XS
SM
MD
LG