Մատչելի հղումներ

Կատալոնիայի ոստիկանապետը, տարածաշրջանի նախագահ Կարլես Պույգեմոնտի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բարսելոնայում անցած հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության նոր բացահայտումներին:

Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը երկուշաբթի օրը կատալոնական ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ հինգշաբթի օրը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հիմնական կասկածյալը 22-ամյա մարոկացի Յունես Աբույակուբն է:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում հինգշաբթի օրը բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

Իսպանիայի իշխանությունները հույս ունեն գտնել փախուստի մեջ գտնվող Յունես Աբույակուբին, սակայն վստահ չեն, թե արդյոք Աբույակուբն այժմ Իսպանիայում է։

Կատալոնիայի ոստիկանպետ Ժոզեֆ Լուիս Տրապերոն Կատալոնիայի տարածաշրջանի նախագահ Կարլես Պույգեմոնտի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշել է.

«Շաբաթ օրվա վերջում մենք արդեն պատկերացում ունեինք ամբողջ խմբի մասին: Այս պահին մեր ունեցած տվյալներով խումբը բաղկացած է եղել 12 անդամներից, որոնցից 4—ը ձերբակալվել են, 5-ը՝ մահացել: Մեզ հայտնի է նաեւ մյուս 3 հոգու տվյալները»:

Ոստիկանության հետաքննության ջանքերը կենտրոնացած են Իսպանիայի հյուսիսարևելյան Ռիպոլի քաղաքում կասկածյալների ունեցած կապերի բացահայտման ուղղությամբ:

Իսպանիայի իշխանությունները Աբույակուբից բացի նաև փնտրում են Աբդելբակի Էս Սաթի անունով մի իմամի, ով ըստ հավաստի աղբյուրների, կապ ունի Բարսելոնայի և Կամբրիլս քաղաքի հարձակումների կազմակերպիչների հետ:

Ալկանար քաղաքի տներից մեկում տեղական ոստիկանությունը հայտնաբերել է 120 գազով լի տարաներ: Կատալոնիայի ոստիկանապետի հաղրոդմամաբ՝ հայտնաբերված պայթուցիկ նյութերն ու առկա փաստերը վկայում են այն մասին, որ հանցախմբի անդամները ծրագրել էին «Բարսելոնայում մեկ այլ ահաբեկչական գործողություն» իրականացնել:

XS
SM
MD
LG