The Ulchi Freedom Guardian անունը կրող զորավարժություններն անցկացվում են ամեն տարի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի բանակների մասնակցությամբ, որոնց հիմնական նպատակն է չեզոքացնել Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքը: Այս տարի ամերիկյան կողմից կմասնակցեն 17500 զինվորներ, նախորդ տարվա 25000-ի փոխարեն: Հարավային Կորեան կտրամադրի 50 հազար զինվոր:
«Մենք այստեղ դիտարկում ենք պատերազմի հավանականությունը: Սա շքահանդեսի պատրաստություն չէ, ուստի պետք է միշտ պատրաստ լինենք»,- ասում է Գրանտ Նյուշամը Ռազմավարական հետազոտությունների ճապոնական ֆորումից:
Այս տարվա զորավարժությունները համընկել են կորեական թերակղզում վերջին շրջանի կարված իրավիճակի հետ:
Որոշ քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ զորավարժություններին ավելի քիչ քանակությամբ ամերիկյան զորքերի մասնակցությունը կարելի է մեկնաբանել որպես ամերիկյան վարչակազմի փոխզիջում Փհենյանի հետ հակամարտության հարցում:
«Փհենյանին հաշտեցման ուղերձ հղելու ձևերից է նաև ցույց տալը, որ մենք չենք պատրաստվում տարածաշրջանում ռազմավարական նկատառումներով հրթիռներ կամ միջուկային սուզանավեր տեղակայել»,- ասում է Ասան հաստատության վերլուծաբան Չոի Քանգը։
Հյուսիսային Կորեան սակայն հայտարարել է, որ զորավարժությունները լարվածություն են ստեղծում՝ Փհենյանին մղելով շարունակելու հրթիռային և միջուկային փորձարկումները:
Ռուսաստանն ու Չինաստանը ևս քննադատել են զորավարժությունների անցկացումը՝ կոչ անելով դադարեցնել դրանք։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը հավաստիացնում է, որ զորավարժությունները ծրագրած էին վաղուց և կրում են զուտ պաշտպանական բնույթ:
Facebook Forum