Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Ճապոնիային Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից


ԱՄՆ-ի պաշտոնյաները նշում են, որ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի սպառնալիքների ներքո շարունակում է հաստատակամ մնալ ասիական իր դաշնակիցների նկատմամբ ստանձնած հանձնառություններում: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անմիջականորեն եւ որոշակի քայլեր կձեռնարկի Հյուսիսային Կորեայի կողմից արձակվող յուրաքանչյուր հրթիռ կործանելու համար:


Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի զինված ուժերն այս շաբաթ համատեղ զորավարժություններ էին անցկացնում’ նախ եւ առաջ ցուցադրելու համար Հյուսիսային Կորեայից սպառնացող հրթիռային վտանգի դեմ համատեղ գործողությունների դիմելու կարողությունները:

Ճապոնիայի իրենց պաշտոնակիցների հետ հանդիպումներից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը հինգշաբթի օրը հանդես եկան համատեղ հայտարարությամբ’ ուղղված Փհենյանին: Ուղերձը հետեւյալն էր. ‘’ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իրեն ու իր դաշնակիցներին’’:
Ինչպես պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասաց, ‘’Միասնաբար մենք կարող ենք հետ մղել ու անհրաժեշտության դեպքում’ վերացնել յուրաքանչյուր սպառնալիք: Թշնամական որեւէ նախաձեռնություն կհանդիպի արդյունավետ ու գերակշիռ պատասխանի: Մեր երկու երկրները շարունակելու են ցուցադրել մեր դաշինքի հզորությունը’ միաժամանակ զարկ տալով Հարավային Կորեայի հետ համագործակցությանը’’:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ընդգծեց, որ եթե դիվանագիտությունը ծառայում է որպես հնարավորություն, ռազմական եղանակով պատասխան տալու տարբերակը շարունակում է մնալ սեղանին:

‘’Որեւէ իրադրության մեջ դիվանագիտական որեւէ ջանք պիտի իր հետեւում ունենա նաեւ հզոր ռազմական գործողությունների պատրաստականություն, ինչը կկիրառվի, եթե Հյուսիսային Կորեան կատարի սխալ ընտրություն’’:

Նման պատրաստակամության ու պատրաստականության մասին հայտարարություններով ԱՄՆ-ն այս օրերին հանդես է գալիս վստահեցնելու համար Ճապոնիային, որ կանգնելու է նրա կողքին: Ճապոնիան, որն այս օրերին զարկ է տալիս իր ռազմական արդյունաբերությանը, երկրի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի միջոցով հայտարարում է, որ բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ Փհենյանը չի դադարեցնում միջուկային իր սադրանքները:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինն ասել է, թե քննարկում է Հյուսիսայի Կորեա հատուկ բանագնաց ուղարկելու հարցը, երբ Հյուսիսը կդադարեցնի հրթիռային ու միջուկային զենքերի փորձարկումները:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն իր հերթին ասել է Ճապոնիայի իր պաշտոնակցին, թե Հյուսիսային Կորեան պիտի շատ լավ հասկանա, որ հարձակում իրենցից որեւէ մեկի դեմ նշանակում է հարձակում ընդդեմ երկուսի:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպման ժամանակ վերջինս իր երախտագիտությունն է արտահայտել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին’ Հյուսիսից սպառնացող վտանգի դեպքում ‘’սեղանի վրա բոլոր տարբերակներն ունենալու’’ համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG