Մատչելի հղումներ

Իսպանիան հակազդում է ծայրահեղ իսլամական ահաբեկչությանը. կան տասնյակ զոհեր


APTOPIX Spain Attacks
APTOPIX Spain Attacks

Բարսելոնի կենտրոնական հրապարակում հազարավոր մարդիկ ուրբաթ օրը մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչական 2 գործողությունների զոհերի հիշատակը: Ահաբեկչությունը խլել է 14 մարդու կյանք, ավելի քան 100-ը վիրավորվել են: Միջոցառմանը ներկա էին Իսպանիայի թագավորն ու վարչապետը: Կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել երկրում:

Ահաբեկչությունն իրականացվեց Բարսելոնի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, ուր մի բեռնատար մեքենա միտումնավոր մխրճվեց հետիոտների բազմության մեջ՝ սպանելով 13 և վիրավորելով ավելի քան 100 մարդ: Վարորդին հաջողվել է փախչել, ում այժմ փնտրում է ոստիկանությունը: Հայտնի է, որ կան երեք ձերբակալվածներ այս գործի շրջանակում:

«Ամենուրեք մարդիկ էին վազում արյունոտ դեմքերով: Սարսափելի էր»,- ասում է ականատես Մանվելը:

Նմանատիպ մի հարձակում տեղի ունեցավ Բարսելոնի հյուսիսում գտնվող Քամբրիլս քաղաքում, որը ևս զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է: Այստեղ ոստիկանությանը հաջողվել է նվազագույն կորուստով չեզոցքացնել հարձակումը՝ սպանելով 5 ահաբեկիչներին: Երկու գործողությունների համար էլ պատասխանատվությունն իր վրա է վերցրել Դաեշ-ը:

Միացյալ Նահանգներն անմիջապես արձագանքել է ահաբեկչության մասին լուրին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում դատապարտել է ահաբեկչությունը և առաջարկել ԱՄՆ-ի օգնությունը: Փոխնախագահ Մայք Փենսն էլ ահաբեկչության մեջ մեղադրել է ծայրահեղ իսլամիտներին:

«Ովքեր էլ որ պատասխանատու են այս գործողությունների համար, պետք է իմանան, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ կհայտնաբերի ու կպատժի պատասխանատուներին և երկրի երեսից կվերացնի ծայրահեղ իսլամական ահաբեկչության չարիքը»,- հայտարարել է փոխնախագահը:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ իր հերթին, ցավակցելով զոհված ընտանիքներին, ընդգծել է ահաբեկչության դեմ հետագա պայքարի կարևորությունը:

«Ահաբեկիչները աշխարհով մեկ պետք է իմանան, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կհայտնաբերեն նրանց և կհանձնեն արդարադատությանը»,- ասել է Ռեքս Թիլերսոնը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռայոջը հավաստիացրել է, որ իրականացնողները կհայտնաբերվեն, իսկ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օգնություն: Վարչապետը երախտագիտություն է հայտնել համաշխարհային արձագանքների համար՝ կոչ անելով միջազգային հանրությանը միավորվել ահաբեկչության դեմ պայքարում:

Facebook Forum

XS
SM
MD
LG