Մատչելի հղումներ

Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան


Դանա անունով առյուծին Հալեպից Հորդանան են տեղափոխել Թուրքիայի տարածքով 12 այլ կենդանիների հետ միասին: Կենդանիներին նախկինում պահում էին Սիրիայի Ահալիմ ալ Սահարի կենդանաբանական այգում, որը գտնվում է ռազմական գործողությունների գոտում:

Դեռևս Թուրքիայում անցկացված կենդանիների հետազոտության ժամանակ բացահայտվել էր, որ Դանա առյուծը հղի է և շուտով պետք է երկու ձագ ունենա:

Առյուծը ծննդաբերել է Հորդանանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Ջերաշ քաղաքի Ալմավայի կենդանաբանական այգում ժամեր անց այստեղ տեղափոխվելուց հետո:

«Դանային և մնացածներին բերել են ուրբաթ օրը: Նրան տեղավորել ենք իր նոր բնակության վայրում: Երեկոյան մեր աշխատակիցները կերակրել են նրան և հետազոտել՝ վստահ լինելու համար, որ այն առողջ է: Հաջորդ օրը մենք բացահայտեցինք, որ Դանան ձագ է ունեցել»,- ասում է Ալմավայի անասնաբույժ դոկտոր Ռաղադ Զայթուն:

Ալմավիի ավագ աշխատակից Մահդի Քուաթրամիզը ևս հաստատեց, որ իրենք կշարունակեն հոգ տանել նորածին ձագի համար:

«Այս պահին նրանք իրենց լավ են զգում: Ամեն օր նրանց ստուգում են մեր աշխատակիցները: Այս պահին ամեն ինչ լավ է: Մայրն ընդունել է իր ձագին, հոգատարությամբ խնամում է նրան և կերակրում: Ակնհայտ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է կենդանաբանական այգու ավագ աշխատակից Մահդի Քուաթրամիզը:

Կենդանիներին փրկելու նախաձեռնությունը պատկանում է կենդանիների պաշտպանության միջազգային «Four Paws» կազմակերպությանն ու Թուրքիայի բնապահպանության նախարարությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG