Իրանի գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին այցով գտնվում է Թուրքիայում: Նա ղեկավարում է Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների եռօրյա այցն Անկարա: 1979 թվականի Իրանի հեղափոխությունից ի վեր այս երկրի զինված ուժերի ներկայացուցիչները հաճախակի հյուրեր չեն Թուրքիայում:
Իրաքում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիքոզը, ով ղեկավարում է Ankara Policy Forum կենտրոնը, մեկնաբանում է թուրք-իրանական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իրաքում և Սիրիայում առկա իրավիճակը սրել է երկու երկրների միջև հարաբերությունները, քանի որ երկու երկրները հակադիր ճամբարներում են: Նրա կարծիքով, Իրանը վերածվում է տարածաշրջանում չափազանց կարևոր դերակատարություն ունեցող երկրի և ունի իր սեփական ծրագրերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայանում է որպես տարածաշրջանում սուննի մահմեդականների իրավունքների պաշտպան և հաճախ քննադատում է Իրանին՝ Իրաքում և Սիրիայում վարած քաղաքականության համար:
Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել իրաքյան զինված խմբերին՝ սուննի ազգաբնակչության նկատմամբ նրանց վերաբերմունքի համար: Անկարան Սիրիայում ընդդիմադիր զինյալների հիմնական աջակիցներից է, որոնք Դամասկոսում կռվում են ընդդեմ Իրանի աջակցության ներքո գտնվող կառավարական ուժերի:
Իրանի գեներալի այցն Անկարա կազմակերպվել է այսպես կոչված Աստանայի գործընթացի շրջանակում, ուր Մոսկվան, Անկարան և Թեհրանը փորձում են կարգավորել Սիրիայի հակամարտությունը: Այցի ընթացքում նախատեսվում է, որ Սիրիան կլինի քննարկման հիմնական թեման:
Al Monitor կայքի սյունակագիր Սեմիհ Իդիզի կարծիքով, բանակցություններում կքննարկվի նաև սիրիական Իդլիբի ապագան, որը ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքներից է: Սյունակագրի կարծիքով, Իդլիբում առկա քաոսային իրավիճակից փորձում է օգտվել նախագահ Ասադը, քանի որ այստեղ երկու իսլամական խմբավորումներ, որոնցից մեկը Թուրքիայի աջակցության ներքո է, իսկ մյուսը՝ Դաեշ-ի, պատերազմում են միմյանց դեմ:
Իդլիբը սահմանակից է Թուրքիային: Թուրքիայի իշխանությունները մտահոգված են, որ այն կրկին կանցնի Ասադի ուժերի վերահսկողության ներքո, որի արդյունքում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն Թուրքիայում, որոնց թվում կարող են լինել նաև ծայրահեղականներ: Անցած շաբաթ Անկարան փակեց սահմանը Իդլիբում:
Սպասվում է, որ Անկարայում թուրք-իրանական քննարկումների մեկ այլ թեմա կլինի քրդական խնդիրը: Երկու երկրներն էլ ունեն քուրդ փոքրամասնություն: Հաջորդ ամիս Իրաքի քրդերը պատրաստվում են անցկացնել անկախության հանրաքվե, որին կտրականապես դեմ են ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Իրանը:
Facebook Forum