Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ ծայրահեղ լարված մի քանի օրերից հետո խոսվում է դիվանագիտության կարեւորության մասին։ Հիշեցնենք, որ հուլիս ամսին միջմայրցամաքային երկու հրթիռ փորձարկելուց հետո Հյուսիսային Կորեան սպառնացել էր հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ին պատկանող Գուամին։ ԱՄՆ-ը սպառնացել էր տալ այնպիսի պատասխան, որն աշխարհը չի տեսել մինչ այսօր։
Հարավային Կորեան, որը չափազանց մտահոգ է այս հակամարտության սրումից, քանի որ կարող էր մեկ ժամվա ընթացքում դառնալ 3ՕՕ հազար արկերի թիրախ, հայտարարում է, թե Կորեական թերակղզում պատերազմ այլեւս չպիտի լինի։ Երկուշաբթի օրը, երբ ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը հանդիպում էր անցկացնում Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի հետ, Հարավի նախագահ Մուն Ջաե-ինը հայտարարեց, որ չնայած Հյուսիսի հետ վերջին հակասություններին ու լարվածությանը, այդ երկրի հետ միջուկային խնդիրները հարկավոր է լուծել միայն խաղաղ եղանակով։ Մինչ այդ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն էր Fox News կայանին ասել, որ չնայած Հյուսիսից կարելի է ակնկալել հրթիռների նոր փորձարկումներ, չի թվում, որ Հյուսիսի ղեկավար Կիմ Ջոնգ Ունի հետ կա ռազմական մոտալուտ բախման վտանգ։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մըքմասթերի խոսքերով էլ, Միացյալ Նահանգները ցանկանում է շատ վճռական դիվանագիտական ջանքեր կիրառել՝ Փհենյանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ավելի խստացնելու հետ միասին։
Փորձագետները երկար ժամանակ էին աշխատում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես Հյուսիսային Կորեային հաջողվեց կարճ ժամանակի ընթացքում հասնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողությանը։
Ինչպես Նյու Յորք Թայմսն է գրում, ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները կարծում են, որ Հյուսիսը հզոր հրթիռների շարժիչները սեւ շուկայի օրենքներով ձեռք է բերել հավանաբար Ուկրանիայից։
Վերլուծաբանները, ուսումնասիրելով նոր շարժիչները դիտող Կիմ Ջոնգ Ունի լուսանկարները, եկել են այն եզրակացությանը, որ դրանք արտադրված են այն նույն հրթիռների գծագրերի համաձայն, որոնք կազմում էին Խորհրդային Միության հրթիռային ուժերի հիմքը։ Դրանց շարժիչներն այնքան հզոր էին, որ յուրաքանչյուր հրթիռ մի մայրցամաքից մյուսը թռիչքի ժամանակ կարող էր կրել 1Օ ջերմամիջուկային մարտագլխիկ։
Սպիտակ տունն այս մասին դեռեւս հանդես չի եկել որեւէ մեկնաբանությամբ։