Այսօր, երբ շարունակվում ու ավելի է խորանում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա ճգնաժամը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե իր երկրի զինված ուժերը ՝՝կազմ ու պատրաստ կանգնած են՛՛ Հյուսիսի հետ խնդիրները լուծելու համար, եթե վերջինս դիմի ոչ խելամիտ քայլերի։
՝՝Այն, ինչ նրանք անում են եւ այն, ինչից մինչ այժմ նրանք խուսափել են, տանում է դեպի ողբերգություն, ինչը չի կարելի թույլ տալ՛՛, ասել է Թրամփը։
Ոչ խելամիտ քայլ ասելով՝ նկատի է առնվում ԱՄՆ-ի տարածք համարվող Գուամի կղզուն օգոստոսի կեսերին հրթիռային հարված հասցնելու մտադրությունը, ինչի մասին հայտարարել է Փհենյանը։
Զենքերի հարցերով փորձագետները երկար ժամանակ էին ենթադրում, որ Հյուսիսային Կորեան մոտ տարիներին չի կարող արտադրել միջուկային զենքեր, որոնք վտանգ ներկայացնեին ԱՄՆ-ին։ Սակայն միայն հուլիս ամսվա ընթացքում արձակված միջմայրցամաքային երկու հրթիռներն ապացուցում են, որ վտանգը մեծ է, հատկապես, երբ կան տեղեկություններ, որ այս երկիրն ունակ է նաեւ արտադրելու ծավալով փոքր միջուկային մարտագլխիկներ՝ հրթիռների վրա տեղադրելու համար։
Հռետորաբանությունից հեռու չի մնում Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը։ Նրանք տոնում են հրթիռային նոր կարողություններն ու ֆիլմեր ցուցադրում, թե ինչպես են կործանում Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքը։
Այս երկրում, որտեղ 2Օ17 թվականի ընթացքում փորձարկվել է 14 հրթիռ, քարոզում են ժողովրդին, որ այլեւս չունեն վախենալու ոչինչ։ Չէ որ վերջին փորձարկումներն ապացուցել են, որ իրենց հրթիռները կարող են հասնել մինչեւ ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածներ։ Այդ հրթիռներն ունեն վառելանյութի երկու պահոց։ Թռիչքի ժամանակ առաջինն այրվելուց հետո, միանում է երկրորդը ու կրկնապատկում հրթիռի հեռահարությունը։ Կախված վառելանյութից, մարտագլխիկի քաշից, երկրագնդի պտույտից, հրթիռները կարող են հասնել Ալյասկա, վառելանյութի երկու պաշարով հրթիռները՝ մինչեւ Նյու Յորք ու Բոստոն։
ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, ՝՝Եթե Հյուսիսը փորձի ինչ որ բան անել ընդդեմ Գուամի, կստեղծվի մի իրավիճակ, ինչպիսին ականատես չի եղել եւ ոչ մի մարդ՛՛։
Թրամփը մեղադրում է նախկին նախագահներին այն բանի համար, որ ոչինչ, կամ շատ քիչ ներդրում են ունեցել Հյուսիսին միջուկային զենքերից զերծ պահելու գործում։
՝՝25 տարի բանակցում էին, եւ՝ ապարդյուն՛՛, ասում է Թրամփը։ Նրա խոսքերով, Բիլ Քլինթընը ցուցաբերեց թուլություն, ոչնչի չհասավ Ջորջ Բուշը։ Իսկ Բարաք Օբաման, ասում է Թրամփը, չէր էլ ուզում խոսել այդ մասին։ Թրամփը ասում է նաեւ, թե դիվանագիտությունն իրեն չի արդարացրել ո՛չ Կիմ Ջոնգ Ունի, ոչ էլ՝ նրա հոր իշխանության տարիներին։
Բայց մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ հռետորաբանությանը նույն կերպ պատասխանելը միշտ չէ, որ հանգեցնում է դրական արդյունքի։ Նրանցից Ջոն Դելըրիի խոսքերով, ՝՝Թրամփը կարծես յուղ է լցնում կրակի վրա։ Իսկ նման խոսելաոճը մինչ այժմ միայն Հյուսիսային Կորեային էր բնորոշ՛՛։
՝՝Ոչ մեկը, այդ թվում Հյուսիսային Կորեան, չի կարող որեւէ կերպ մեզ սպառնալ՛՛, հայտարարում է Դոնալդ Թրամփը՝ նախագահը մի երկրի, որն ունի ամբողջ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու կարողություններ։
Դրան ԱՄՆ-ը կարող է հասնել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն՝ միայն միլիոնավոր մարդկանց կյանքի հաշվին։ Այդ պատճառով են շատերն ասում, որ Հյուսիսային Կորեայի վարչակարգն ԱՄՆ-ի դեմ է փորձում գործել իր հրթիռներով, որպես մարդկային վահան, պաշտպանության միջոց ընտրում իր ժողովրդին։