Մատչելի հղումներ

Սիրիայում կառավարական ուժերը խախտում են զինադադարը


Սիրիայի կառավարական զորքերը վերսկել են ռմբակոծումներն ու օդային հարձակումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Ականատեսների վկայությամբ սա վերջին երկու ամիսների ամենաուժգին ռմբակոծումներն են:

Սիրիական զորքերի վերջին գործողությունները սկիզբ են առնում Քասյոնի բարձունքներից, որտեղից կառավարական ստորաբաժանումները հարվածում են Ջոբարի և Այն Թերմա շրջաններին: Ռոյթերս գործակալությունը փոխանցում է տեսանյութեր, ուր պատկերված են օդային ռմբակոծումները: Դրանց արդյունքում զոհվել է 15 մարդ, շատերը՝ վիրավորվել:

Այս գործողությունները խախտում են երկու շաբաթ առաջ Արևելյան Դամասկոսում Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը: Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան գտնում է, որ իրականում Ռուսաստանը ի դեմս Պուտինի չի ցանկանում Սիրիայի խնդրի վերջնական կարգավորում: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերն այստեղ հակասական են, իսկ ռուսական զորքերը գտնվում են Սիրիայում ոչ թե Դաեշ-ի դեմ պայքարելու, այլ Ասադին աջակցելու համար:

«Ես չեմ տեսնում խնդրի իրական կարգավորում, քանի որ առկա են տարբեր նպատակներ: Արևմուտքում, ցավոք, շատերը չեն հասկանում դա և շարունակում են համագործակցել Պուտինի հետ, սակայն դա լավ արդյունքի չի բերի»,- ասում է Աննա Բորշեվսկայան:

Չնայած այս մոտեցմանը սիրիական բանակը վերջին շրջանում գրանցել է նաև մի շարք հաջողություններ Դաեշ-ի զինյալների դեմ մարտերում, ներառյալ վերջին առաջխաղացումները Հոմսի և Համայի շրջաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG