Մատչելի հղումներ

Թիլերսոնն ու Լավրովը ծավալուն քննարկում են ունեցել Մանիլայի ֆորումի շրջանակներում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծավալուն քննարկումներ է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մանիլայում ընթացող տարածաշրջանային մեծ ֆորումի ընթացքում:

Սա կողմերի միջև առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի համար:

Թիլերսոնը անդրադարձել է Ռուսաստանի ընտրությունների ներգրավման փորձին:

«Փորձում ենք նրանց հասկացնել, թե որքան լուրջ ազդեցություն է ունեցել այս երևույթը և որքան մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի և ռուս ժողովուրդների հարաբերություններին: Դա անվստահություն է առաջացրել մեր երկու երկրների միջև, և մենք պետք է ճանապարհ գտնենք՝ խնդիրը կարգավորելու համար»,- նշել է Թիլերսոնը:

Թիլերսոնն ասել է Լավրովին, որ ԱՄՆ-ը մինչև սեպտեմբերի 1-ը կպատասխանի Մոսկվայի՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի նվազեցման պահանջին:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, նախքան իր ժամկետի ավարտը, երկրից հեռացրել էր 35 ռուս դիվանագետների և փակել ԱՄՆ-ում ռուսական կողմին պատկանող երկու հաստատություններ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել էին, որ Ռուսաստանը ներգրավվել է ամերիկյան ընտրություններին:

Այդ ժամանակ Ռուսաստանը հանդես չեկավ պատասխան գործողություններով, սակայն նոր պատժամիջոցների ընդունումից հետո Մոսկվան պահանջեց կրճատել ամերիկյան դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում 755 աշխատակիցներով: Դրանց զգալի հատվածն ազգությամբ ռուս է:

Այս պահին ԱՄՆ-ում շարունակվում է հետաքննությունը Ռուսաստանի ներգրավվածության հարցի շուրջ, իսկ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը ուսումնասիրում է, թե արդյոք նախագահ Թրամփը չի խախտել օրենսդրությունը՝ պաշտոնից հեռացնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, և արդյոք նրա թիմը չի համագործակցել Ռուսաստանի հետ ընտրությունների հարցում:

Նախագահ Թրամփը քննադատաբար է մոտենում այս իրավիճակին՝ հետաքննությունն անվանելով «վհուկների որս» և ընտրությունների ժամանակ դեմոկրատ թեկնածու Քլինտոնի պարտությունն արդարացնելու դեմոկրատների փորձ:

Facebook Forum

XS
SM
MD
LG