Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա.

«Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»:

Քաղաքագետ Գուորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.

«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»:

Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական եւ տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեեւ ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա.

«Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետեւանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետեւանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»:

Պենտագոնի նախկին վերլուծաբան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտին եւ ուղղակի Հայաստանին չեն կարող վնասել: Միեւնույն ժամանակ.

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ աճող լարվածությունը, որը կարող է լայնածավալ առեւտրային պատերազմի վերածվել, Հարավային Կովկասում ոչ մի երկրի շահերից չի բխում»:

Լարվածության պատճառով Ռուսաստանը կարող է նաեւ պահանջել իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից սահմանափակել կապերը Արեւմուտքի հետ.

«Այսպես, Ռուսաստանը կարող է պահանջել հարեւաններից կողմնորոշվել եւ հետեւել իր վարած քաղաքականությանը: Այս դեպքում Հայաստանը կարող է բարդ իրավիճակում հայտնվել»:

Ամերիկյան փորձագետների խոսքով սակայն, ԱՄՆ-ի ազդեցիկ հայ համայնքը կփորձի երաշխավորել, որ Ռուսաստանի հետ լարվող հարաբերությունները եւ այդ երկրի դեմ ընդունված ամերիկյան պատժամիջոցները չվնասեն Հայաստանին, առավել եւս, որ դրանք ի սկզբանե ուղղված են եղել միայն Ռուսաստանի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG