Մատչելի հղումներ

՝՝Արեւմուտքն է Բալկանյան պետությունների ապագան՛՛. ԱՄՆ-ի փոխնախագահ


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը չորեքշաբթի օրը շարունակում էր եվրոպական շրջագայությունը։ Չեռնոգորիայում այդ օրը նրա արտասանած ելույթը ոգեշնչել է առավելապես արեւմտամետ կողմնորոշում ունեցող այս երկրին։

՝՝Բալկանյան պետությունների ապագան կապված է Արեւմուտքի հետ՛՛։ Սա էր Չեռնոգորիայում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցի գլխավոր ուղերձը։ Ելույթ ունենալով եվրոպական շրջագայության ընթացքում մայրաքաղաք Պոդգորիցա կատարած այցի ժամանակ՝ նա վերահաստատեց այս տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրությունները, երբ Ռուսաստանը փորձում է այստեղ պահպանել պատմության ընթացքում ձեւավորված ի՛ր ազդեցությունը։

Ադրիատիկ ծովի ափին գտնվող, միայն 62Օ հազար բնակչություն ու միայն 2 հազար թվակազմով բանակ ունեցող Չեռնոգորիայում վերջին 1ՕՕ տարիների ընթացքում սա ԱՄՆ-ի կողմից իրականացված ամենաբարձրաստիճան այցն է։

՝՝Մենք իրավամբ հավատացած ենք, որ արեւմտաբալկանյան պետությունների ապագան Արեւմուտքում է՛՛, հայտարարեց Փենսը՝ նկատի ունենալով նախկին հարավսլավական հանրապետություններին ու Ալբանիային, որոնք ունեն Արեւմտյան հաստատություններին, այդ թվում՝ Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներ։

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցել է հունիս ամսին, լրջորեն զայրացնելով Մոսկվային, որն այս երկրին միշտ համարել է որպես իր սլավոնական ավանդական դաշնակից։

՝՝Ես ինձ հետ այստեղ եմ բերել նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնի խոսքերը՛՛, հայտարարել է Փենսը, միեւնույն ժամանակ Ռուսաստանին անվանելով ՝՝անկանխատեսելի երկիր՛՛, որն ըստ նրա, ցանկանում է ապակայունացնել այս տարածաշրջանը։

Ռուսաստանն, ըստ նրա խոսքերի, փորձում է վերագծել միջազգային սահմաններն ուժի միջոցով։ Բալկանյան տարածաշրջանն էլ ապակայունացնելով՝ այն վտանգի տակ է դնում այս երկրներում ժողովրդավարությունը ու փորձում մասնատել մեկը մյուսից ու հեռու պահել եվրոպական արժեքներից։

Արեւմտամետ կողմնորոշում ունեցող Բալկանյան պետություններում վերջերս այն մտավախությունն ունեին, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց համարելով, Թրամփն իրենց կարող էր թողնել Ռուսաստանի ազդեցության շրջանակներում։ Սակայն Փենսի այցն այսօր հակառակն է ասում։

Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի հետ նախորդ օրն անցկացրած հանդիպման ժամանակ նա ասել էր, որ հատկապես Ռուսաստանի ճնշումները դիմակայելու Չեռնոգորիայի խիզախությունը ոգեշնչում է աշխարհին։

Բալկաններում Ռուսաստանի միակ դաշնակից է այսօր մնում Սերբիան, չնայած Բելգրադը պաշտոնապես հայտարարել է Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին։

Եվրոպական այցի ընթացքում Փենսն իր աջակցությունն է հայտնել նաեւ Վրաստանին ու հանդիպումներ ունեցել ՆԱՏՕ-ի անդամ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահների հետ, ու հայտարարել, որ ՆԱՏՕ-ի որեւէ անդամ երկրի դեմ որեւէ հարձակում նշանակում է հարձակում ընդդեմ բոլորի։

Facebook Forum

XS
SM
MD
LG