Մատչելի հղումներ

Սպիտակ տան աղմկահարույց հրաժարականների և ստեղծված խառնաշփոթի ֆոնին՝ Թրամփը լիահույս է, որ Սպիտակ տան նոր աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին «լիակատար իշխանություն» տալով, ազգային անվտանգության նախկին նախարարին կհաջողվի շտկել ներկայիս քաոսային իրավիճակն ու կարգուկանոն հաստատել նոր վարչակազմում:

Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենի պաշտոնից հեռացվեց նշանակումից ընդամենը 10 օր անց՝ հեղինակավոր The New Yorker ամսագրում հրապարակված հայհոյախառն ու սկանդալային հարցազրույցից հետո, որում նա ուղղակիորեն քննադատում էր Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռեյնս Փրիբուսին՝ պարծենալով իր և Թրամփի սերտ հարաբերություններով: Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ Թրամփը Սկարամուչիի բառերի ընտրությունն «անընդունելի է» համարել:

«Տեսեք, նախագահը գտնում է, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձի՝ Էնթոնիի մեկնաբանություններն անընդունելի էին: Նա նաև չցանկացավ ավելորդ բեռ ստեղծել Սպիտակ տան աշխատակազմի նորանշանակ ղեկավար գեներալ Ջոն Քելլիի համար», - հայտարարել է Սանդերսը:

Էնթոնի Սկարամուչին ավելի ուշ ներողություն էր խնդրել իր անպարկեշտ արտահատությունների համար, սակայն Սպիտակ տունը վստահեցրել է, որ Սկարամուչին Թրամփի վարչակազմում այլ պաշտոն չի ստանձնի:

Թրամփը երկուշաբթի ողջունել է գեներալ Ջոն Քելիին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

«Մենք բոլորս ծանոթ ենք նրան և խորը հարգանք ենք տածում նրա նկատմամբ», - նշել է Թրամփը:

Ակրոնի համալսարանի քաղաքագիտության դասախոս Դեյվիդ Քոհենը ընդգծում է, որ Փրիբուսը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնոմ ամենաքիչը պաշտոնավարած ղեկավարն էր:

«Թրամփն` ինքը, ի սկզբանե, թուլացրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի դիրքերը: Գործարար լինելով` նա սիրում է մարդկանց արտոնություններ շնորհել ու ողղորդել նրանց իր ցանկացած ողղությամբ: Նույն կերպ էլ փորձում է վարվել Սպիտակ տանը», - գտնում է պրոֆեսոր Քոհենը, հավելելով, որ Թրամփը քաոսային իրավիճակ է ստեղծում Սպիտակ տանը բազմաթիվ մարդկանց չափից ավելի արտոնություններ շնորհելով: Պրոֆեսորի համոզմամբ, ի տարբերություն Փրիբուսի` գեներալ Ջոն Քելին ավելի մեծ իշխանություն կունենա Սպիտակ տանը:

Ակրոնի համալսարանի քաղաքագիտության դասախոս Դեյվիդ Քոհենը նաեվ հիշեցնում է, որ ավանդաբար, ի պաշտոնե,աշխատակազմի ղեկավարը նախագահից հետո երկրորդ ամենաազդեցիկ մարդն է համարվում Սպիտակ տանը:

Թրամփը արդեն իսկ ավելի մեծ լիազորություններ է շնորհել Սպիտակ տան աշխատակազմի նորանշանակ ղեկավար գեներալ Ջոն Քելլիին, սակայն հրաժարվում է ընդունել, որ Սպիտակ տանը ներկայումս քաոսային իրավիճակ է տիրում:

XS
SM
MD
LG