ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը պարզ ուղերձ էր բերել դաշնակիցներին բալթյան երկրներում եւ Վրաստանում.
«Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք»: Մենք կանգնած ենք Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ժողովուրդների թիկունքին»:
Փոխնախագահի խոսքով, ինչպես քառորդ դար առաջ, երբ Ամերիկան աջակցեց նորանկախ հետխորհրդային երկրներին, այնպես էլ այժմ Միացյալ Նահանգները կանգնած է արդեն ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետությունների կողքին.
«Մենք միասին ենք, որովհետեւ Խորհրդային Միության տապալումից ի վեր ամուր եւ միացյալ ՆԱՏՕ-ն այսօր առավել անհրաժեշտ է, քան երբեւէ»:
ԱՄՆ-ը ժխտում է եւ չի հանդուրժի ուժի, ճնշումների եւ ահաբեկման ցանկացած քայլ իր դաշնակիցների նկատմամբ.
«Հարձակումը մեզանից մեկի դեմ հարձակում է մեր՝ բոլորի դեմ»:
Միեւնույն ժամանակ, փոխնախագահ Փենսն ընդգծել է, որ Սպիտակ տանը «հույս ունեն, որ ապագայում Ռուսաստանի հետ հնարավոր կլինի բարելավել հարաբերությունները»:
ԱՄՆ-ի փոխնախագահի լավատեսությունը չի կիսում Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, Վլադիմիր Պուտինի նախկին կողմնակից Գլեբ Պավլովսկին.
«Վերադարձի կետն արդեն անցել ենք, նախկին կարգը ոչնչացված է: Մենք այլեւս երբեք չենք վերադառնա 2014 թվին նախորդող հարաբերությունների դարաշրջան»:
Վերլուծաբանի խոսքով, Կրեմլը, զգալիորեն զիջելով ԱՄՆ-ին տնտեսական եւ ռազմական հզորությամբ, չի գնա Միացյալ Նահանգների հետ առճակատման այլ կնախընտրի անուղղակի պատասխանել.
«Դա հարվածներ կլինի գլոբալ դաշտի այն կետերին, որտեղ Ամերիկան շահեր ունի»:
Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սպիտակ տանը դիմում են իրենց տարածքում ամերիկյան զինվորականների տեղակայման խնդրանքով, իսկ Վրաստանն այս օրերին վրաց-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում: Փոխնախագահ Փենսն իր այցի ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է ՆԱՏՕ-ին անդամակցող եւ դեռ անդամ չհանդիսացող դաշնակիցներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց թիկունքին է: «Մենք ունենք անվտանգ, ազատ եւ բարգավաճ ընդհանուր ապագա», - նշել է Մայք Փենսը:
Facebook Forum