Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ԱՄՆ-ից կրճատել իր դիվանագիտական անձնակազմը 755 աշխատակիցներով ի պատասխան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ Ռուսաստանի:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր ափսոսանքն է հայտնել այս առիթով և տեղեկացրել, որ պատրաստվում է արձագանքել այս պահանջին:
Անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկել է ի օգուտ նոր պատժամիջոցների ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի: Ռուսաստանի արտգործնախարարությունը հաջորդ օրը հանդես է եկել պատասխան գործողություններով: Արտգործնախարարությունը պահանջել է կրճատել անձնակազմը մինչև օգոստոսի վերջը:
Սպիտակ տունը հաղորդել է, որ պատրաստվում է ստորագրել օրինագիծը: Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման ժամանակ Սպիտակ տունը իր անհամաձայնություն է հայտնել այն դրույթի վերաբերյալ, որը Կոնգրեսին հնարավորություն էր տալիս 30 օրվա ժամկետում սառեցնել նախագահի հնարավոր փորձերը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները թեթևացնելու ուղղությամբ: Այս դրույթը ներառում էր նաև նախագահ Օբամայի օրոք կատարած գործողությունները:
Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին օրերից առերեսվում է Ռուսաստանի հետ կապված մի շարք խնդիրների հետ, ներառյալ Ռուսաստանի ներգրավվածության հարցն ԱՄՆ-ի վերջին ընտրություններին և նախագահ Թրամփի թիմի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Խնդիրների շարքում է նաև նախագահ Թրամփի հնարավոր օրենքի խախտումը Դաշնային հետաքննության բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության դեպքում:
Facebook Forum