Մատչելի հղումներ

Դաեշ ահաբեկչական խմբավորման օրերը հաշվված են: Ահաբեկչական պետության մայրաքաղաք Մոսուլի ազատագրումը նշանավորեց Դաեշի վերջնական պարտությունը: Սակայն, դրա հետ միասին առաջ են գալիս քաղաքի վերականգնման, հասարակության կազդուրման եւ գթության հարցերը:

Ազատագրված Մոսուլի արվարձանում է գտնվում յուրահատուկ մի ճամբար: Այստեղ են տեղափոխվել Դաեշի շարքերում պատերազմող ահաբեկիչների ընտանիքների անդամները՝ մայրեր, կանայք, երեխաներ: Այստեղ մարդիկ չեն ցանկանում ներկայանալ: Նրանցից շատերն անտեղյակ են, թե ինչ ապագա են իրենց համար նախապատրաստել ազատագրված Մոսուլի իշխանությունները եւ թե արդյոք իրենք ունեն որեւէ ապագա:

«Մենք ցանկանում ենք ճամբարից դուրս գալ, գնալ մեր հարազատների մոտ, սակայն, մեզ թույլ չեն տալիս: Մենք կանայք ենք, ի՞նչ է՝ կանանցից եք վախենում: Մեզ ասում են՝ դուք Դաեշի կանայք եք, մարդասպաններ եք, մեզ վրա քարեր են նետում», - ասում է ահաբեկիչներից մեկի կինը:

Զինյալների կանանց, մայրերի ու երեխաների հարեւանությամբ ապրում են նրանց ամուսինների կողմից հետապնդված ու խոշտանգված մարդիկ, սպանված անձանց հարազատներ: Այսօր, երբ ահաբեկիչ զինյալները պարտություն են կրում, նրանց ընտանիքի անդամները կոչ են անում վրեժ չլուծել կանանցից եւ երեխաներից.

«Եթե երջանիկ լինեի, այստեղ չէի գա, այլ կմնայի ամուսնուս հետ: Կանանցից շատերը մնացին, շատերն իրենց պայթեցրեցին, մյուսները շարունակում են պայքարը: Ինձ նույնպես կանայք կոչ էին անում մնալ իրենց հետ, ես ասացի՝ ոչ», - նշում է մեկ այլ ահաբեկչի կին:

Զինյալների կանանց թույլ չեն տալիս լքել ճամբարը եւ գնալ երկրի մյուս շրջաններում բնակվող հարազատների մոտ: Ազատագրված Մոսուլի իշխանությունների կարգադրությամբ, ահաբեկիչների ընտանիքները պետք է որոշ ժամանակ ճամբարում ապրեն, որպեսզի ապաքինվեն Դաեշի գաղափարախոսական վարակից: Իրավապաշտպան կազմակերպությունները միեւնույն ժամանակ կոչ են անում չպատժել կանանց եւ երեխաներին նրանց տղամարդկանց գործած հանցանքների համար: Փոխարենը առաջարկվում է հաշտեցման փորձ կատարել: Որոշ կանայք արդեն իսկ փորձում են անել առաջին քայլերը.

«Ո՞վ կարող է վերահսկել որդիներին, արգելել նրանց զինյալներին կամ մյուսներին միանալ: Ես չկարողացա: Իմ որդին կամավոր միացավ նրանց, բայց ոչ ոքի վնաս չի պատճառել: Եթե վնասել է որեւէ մեկի նույնիսկ բառով, ներողություն կխնդրեմ», - ասում է Դաեշի ահաբեկչի մայրը:

Մոսուլ քաղաքից ահաբեկիչների պատճառով վտարվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Հազարավոր մարդիկ սպանվել եւ խոշտանգումների են ենթարկվել: Այժմ, երբ պատերազմի դաշտում ահաբեկիչները հիմնականում պարտության են մատնված, ի հայտ է գալիս հասարակության հաշտեցման հարցը:

Facebook Forum

XS
SM
MD
LG