Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսության աճը կայուն է բայց՝ ոչ տպավորիչ


Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բազմիցս է մատնանշել իր օրոք նկատվող տնտեսական աճն ու նվազող գործազրկությունը: Սակայն, իր տնտեսական նախաձեռնությունների մեծ մասը դեռեւս Կոնգրեսի կողմից չի վավերացվել, նշում է Thomson Reuters ընկերության ֆինանսական վերլուծաբան Թոմ Բերքլը.

«Մենք ունենք երկտոկոսանոց տնտեսական աճ, որը թեեւ կայուն է, սակայն՝ ոչ տպավորիչ»:

Վերլուծաբանի խոսքով, Թրամփի տնտեսական նախաձեռնությունների ոչ բավարար հաջողության հետեւանքով, Արժույթի միջազգային հիմնադրամն ԱՄՆ-ի տնտեսական աճն ավելի փոքր է կանխատեսում: Սակայն Ամերիկայի ֆինանսական կենտրոնում՝ Ուոլ Սթրիթում, աճի որեւէ նվազում չեն կանխատեսում, նշում է American Enterprise հաստատության վերլուծաբան Մայքլ Սթրեյնը.

«Սա արձագանք է հնարավոր հարկային բարեփոխումների, ավելորդ կանոնակարգման վերացման եւ ենթակառուցվածքների ոլորտ խոստացված ներդրումների: Ամեն դեպքում, սա նախագահի ձեռքբերումն է»:

Սակայն, եթե ներդրողները տեսնեն, որ նախագահն ի վիճակի չէ իրականացնել իր իսկ խոստումները, դա կարող է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա, նշում են վերլուծաբանները:

«Առայժմ մենք չենք տեսել որեւէ գործողություն, որը հիմնավորի կամ ամրապնդի տնտեսական այս աճը», - նշուն է Թոմ Բերքլը:

Թոմ Բերքլի կարծիքով, Միացյալ Նահանգների տնտեսական զարգացման թվերի կայուն աճը հիմնականում հնարավոր է դարձել Կենտրոնական բանկի շնորհիվ, որն ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգ է կոչվում.

«Անցած 8 տարիների ընթացքում տնտեսական քաղաքականության հիմնական որոշողը Վաշինգտոնում եղել է Կենտրոնական բանկը, որի շնորհիվ աճը եղել է թեեւ ոչ տպավորիչ, սակայն՝ կայուն»:

Եթե Միացյալ Նահանգների տնտեսության կայուն աճը շարունակվի, ինչպես նախատեսում են վերլուծաբանները, ապա կարելի է ակնկալել վարկերի տոկոսադրույքի որոշակի աճ:

Facebook Forum

XS
SM
MD
LG