Մատչելի հղումներ

Միայն այս տարի Միջերկրական ծովում զոհված ներգաղթյալների թիվն անցնում է 2000-ից


EU Libya Migrants
EU Libya Migrants

Փախստականների ու ներգաղթյալների հոսքը շարունակվում է դեպի Եվրոպա մայրցամաք: Փրկարարական ջոկատներն ամեն օր հայտնաբերում են ներգաղթյալների տարբեր թվաքանակի խմբեր: Նրանցից ոմանք զոհվում են ճանապարհին:

Իսպանիայի փրկարարները տեղեկացնում են, որ Միջերկրական ծովում հայտնաբերել են 167 ողջ և 13 մահացած ներգաղթյալների, ովքեր գտնվում էին ռետինե նավակում: Մահացածների թվում կան երեխաներ:

«Այնտեղ նավում կա 10 մարդու դիակ: Երեքին գտել են ջրի մեջ, մնացածը նավի մեջ են», - ասում է ներգաղթյալներից մեկը:

Proactiva Open Arms փրկարարական խմբի խոսնակ Լաուրա Լանուզան նշել է, որ փրկված անձանց շարքում են 121 տղամարդ, 40 կին և 6 երեխա: Նրանց հայտնաբերել են Սաբրաթա լիբիական քաղաքից ոչ հեռու: Նրանք գտնվում էին չափազանց ծանր վիճակում:

«Ոչ ջուր կար, ոչ էլ սնունդ»,- նշում է փրկված ներգաղթյալը:

Փրկարարական ջոկատի հիմնադիր Օսկար Քամփսը գրել է իր թվիթերյան էջում, որ զոհվածների թվում են նաև հղի կանայք և մայրեր:

Միևնույն ժամանակ Save the Children կազմակերպության ջանքերի շնորհիվ փրկվել է ներգաղթյալների 90 հոգանոց մեկ այլ խումբ: Այս գործողությունները համակարգում էին Իտալիայի սահմանապահ զորքերը: Զորքերի խոսնակը տեղեկացնում է, որ միայն երեքշաբթի օրվա ընթացքում 260 ներգաղթյալներ են փրկվել տարբեր նավերից: Միջերկրական ծովի հարավային հատվածում այս օրերին ընդհանուր առմամբ փրկվել է շուրջ 600 մարդ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկությամբ այս տարվա ընթացքում շուրջ 2200 ներգաղթյալներ զոհվել են Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա մայրցամաք:

Facebook Forum

XS
SM
MD
LG