Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան:

Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռեւս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ եւ 3 դեմ ձայներով օրենքի նածխագիծը վավերացրեց նաեւ Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ Քոհենի խոսքով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն ու Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում չէին կարող անպատասխան մնալ.

«Ռուսաստանը միջամտել է մեր ժողովրդավարությանը եւ, կարծում եմ, խախտել իմ ընտրողների կամքը»:

Կոնգրեսական Ջերոլդ Նադլերն «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ հույս ունի, օրինագծի ընդունումը պարզ ազդակ կդառնա բոլոր այն երկրների համար, որոնք ապագայում փորձեն միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին.

«Մեր ընտրությունները մեր քաղաքացիների կամաարտահայտությունն են եւ արտերկրյա ցանկացած կառավարության միջամտությունն անթույլատրելի է»:

Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքի նախագիծը նախագահ Թրամփի կողմից վավերացումից հետո Մոսկվայի դեմ պատժամիջոցները օրենքով է ամրապնդելու, ինչի արդյունքում դրանք կարող են շարունակվել տարիներ: Օրենքը փաստացի զրկում է ԱՄՆ-ի նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնուրույն վերացնելու կամ թուլացնելու իրավունքից:

«Ոչ մի նախագահ չի ցանկանա կորցնել պատժամիջոցները հանելու լիազորությունը», - ասում է վերլուծաբան Ուիլ Պոմերանցը, ում խոսքով, Կոնգրեսի կողմից նախագահին որեւէ երկրի նկատմամբ պատժամիջոցները հանելու իրավունքից զրկելը հազվադեպ քայլ է, - «Առավել հատկանշական այն է, որ այդ հանրապետական մեծամասնությունը որոշեց այդ լիազորություններից զրկել իր իսկ նախագահին»:

Վերլուծաբանի խոսքով, եթե Դոնալդ Թրամփը ստորագրի օրենքի նախագիծը, որի հավանականության մասին նախօրեին հայտնել էր Սպիտակ տան մամլո խոսնակը, ապա այս անգամ Մոսկվան այն անպատասխան չի թողնելու.

«Մենք կարող ենք ինչ-որ արձագանք ակնկալել նախագահ Պուտինից»:

Թեեւ ընդունված օրենքը Ռուսաստանի տնտեսության վրա լուրջ բացասական ազդեցություն է ունենալու, քաղաքական առումով այն բավականին թույլ կազդի Վլադիմիր Պուտինի վրա, նշում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Սթիվ Փֆայֆերը.

«Արդյունքում Ռուսաստանում կարող են եզրակացնել, որ անկախ պահանջները կատարելուց, մոտ ապագայում պատժամիջոցները երբեք չեն հանվելու, ինչը նվազեցնում է բուն պատժամիջոցների խթանիչ դերը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG