Մատչելի հղումներ

Մոսուլի բաց դեմքերով կանայք, և մարդասիրական ճգնաժամը    


Ավերակների վերածված արևելյան Մոսուլի ազատագրումից մի քանի շաբաթ անց՝ ամենուր տեսանելի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները:

Իննը ամիս շարունակվող կատաղի մարտերի և ռազմական գործողությունների արդյունքում՝ հուլիս ամսվա սկզբներին Իրաքի Մոսուլ քաղաքը Դաեշ-ի ահաբեկիչներից ազատագրելուն ուղղված Իրաքի զինված ուժերի ջանքերը, վերջապես, պսակվեցին հաջողությամբ:

Ջիհադականների դեմ պայքարում նշված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվել և զոհվել են Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչներ, վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները, հարյուրավոր ընտանիքներ զրկված են խմելու ջրից, սննդից:

Թեպետև Արևելյան Մոսուլի փողոցներում արդեն կարելի է տեսնել վառ գունավոր հագուստ կրող բաց դեմքերով կանանց, Մոսուլի բնակչության մեծ մասը գտնվում է ծայրաստիճան աղքատության և մարդասիրական ճգնաժամի շեմին:

Երկու շաբաթ առաջ, Իրաքի ռազմական գործողությունների վերջին օրերին, Ամերիկայի Ձայնի նկարահանող խումբը տեսանկարահանել էր ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները: Շոգից և սովից ուժասպառ եղած այս կինը պատմում էր, որ այլևս իվիճակի չէր քայլել, իսկ այս մյուս կինը ողբում էր իր նորածին երեխայի մահը:

Կատաղի մարտերի այս փուլում մահապարտ ահաբեկիչները շարունակում էին իրենց հետ միասին հարյուրավոր զինվորականների և խաղաղ բնակիչների պայթեցնել:

Զինվորականների փոխանցմամբ՝ կադրում երևացող մարդկանց մի մասը Դաեշ-ի զինյլալների ընտանիքների անդամներն ու հարազատներն էին՝ չնայած, որ նրանցից քչերն էին բացեիբաց խոստովանում այդ մասին:

Առաջնագծում իրականացվող խստացված ստուգումների արդյունքում՝ Իրաքի զինվորականները առանձնացնում էին տղամարդկանց, կանանց, երեխաներին և ծերերին, քանի որ Դաեշ-ի որոշ զինյալներ փորձում էին փախուստի դիմել փախստականների հետ:

Իրաքի իշխանությունների հաղորդմամբ՝ Դաեշ-ի զինյալների ընտանիքների անդամներն ու հարազատները պատասխանատվության չեն ենթարկվելու, միայն նրանք՝ ովքեր անմիջական առնչություն են ունեցել Դաեշ-ի գործողությունների հետ:

XS
SM
MD
LG