Մատչելի հղումներ

Եվրամիությունը կարող է պահանջել Թուրքիայից ազատ արձագել ձերբակալված իրավապաշտպաններին


Idil Eser
Idil Eser

Amnesty International-ը կոչ է անում Եվրամիությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ մարդու իրավունքների 10 ակտիվիստներին ազատ արձակելու համար:

Կազմակերպության ղեկավար Սալիլ Շետը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին մինչև վերջինիս հանդիպումը թուրքական պատվիրակության հետ:

«Մեր ուղերձը Մոգերինիին հստակ էր: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների 10 իրավապաշտպաններին, ովքեր ձերբակալվել են, ներառյալ Amnesty International-ի ղեկավարությանը: Տիկին Մոգերինին խոստացել է բարձրացնել այս հարցը թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Սակայն մեզ համար կարևոր է, որ Եվրամիությունը ընդունի, որ Amnesty International-ի ղեկավարության ձերբակալմամբ Թուրքիան ցույց է տալիս, որ նրան չեն մտահոգում հետևանքները և այն ազատորեն կարող է ոտնահարել օրենքի գերակայությունն ու դատարանների անկախությունը»,- նշել է Amnesty International-ի ղեկավար Սալիլ Շետը:

Երկու շաբաթ առաջ մարդու իրավունքների 10 ակտիվիստներ ձերբակալվել են Թուրքիայում Ստամբուլում միջոցառմանը մասնակցելու ժամանակ: Նրանց թվում են նաև Amnesty International-ի թուրքական գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը, շվեդ Ալի Ղարավին և գերմանացի Փիթեր Սթյուդները, ում ձերբակալությունը խորացրեց թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամը:

Reuters-ի փոխանցմամբ Շետը հույս է հայտնել, որ Եվրամիությունը կբարձրացնի այս խնդիրը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք սպասում ենք, որ թուրքական պատվիրակությունը կստանա հստակ ուղերձ, որ այս ամենը անընդունելի է և որ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն: Բացի այդ, այն պետք է պարունակի ուղերձ, որ Եվրամիությունը վերանայելու է իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ կապված Թուրքիայում օրենքի գերակայության, թափանցիկության և դատարանների անկախության սկզբունքների ոտնահարման հետ»,- նշել է Amnesty International-ի ղեկավարը:

Այնուհետև Amnesty International-ի ղեկավարը հանդիպել է Եվրամիության առջև բողոքի ցույցի մասնակիցների հետ, ովքեր պահանջում են ազատ արձակել 10 իրավապաշտպաններին:

«Մեզ համար պարզ չէ, թե ինչու են նրանց թիրախավորել: Այն ինչ նրանք անում էին դա սովորական դասընթաց էր: Մենք չենք հասկանում ինչու: Հավանաբար նրանք հայտնվել են սխալ տեղում, սխալ ժամին»,- ասում է Դիքեյը:

Ալի Ղարավիի ու Փիթեր Սթյուդների մերձավորները մասնակցում էին բողոքի ցույցին՝ ընդգծելով, որ մտահոգված են բոլոր իրավապաշտպանների ճակատագրով:

«Մենք ցանկանում ենք, որ նրանք ազատ արձակվեն: Մենք կոչ ենք անում արձակել բոլոր 10 ձերբակալվածներին: Մենք բացահայտել ենք, որ Փիթերի ու Ալիի նկատմամբ վերաբերմունքը այլ էր մնացածների հետ համեմատ: Դա մեզ մտահոգում է: Օրինակ Փիթերի ու Ալիի մոտ թույլ են տալիս այցելուներին ամեն օր, իսկ մնացածները կարող են հանդիպել իրենց դատապաշտպաններին ընդամենը շաբաթական մեկ ժամ»,- հայտնել է Ալի Ղարավիի կին Լարեսա Դիքեյը:

Իրավապաշտպանները ձերբակալվել են Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձի արդյունքում: Անկարան ընդգծում է, որ նման գործողություններն անհրաժեշտ են երկրի դեմ սպառնալիքները չեզոքացնելու համար, սակայն արևմտյան երկրները քննադատաբար են մոտենում Թուրքիայի իշխանության նման գործողություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG