Մատչելի հղումներ

Քուշներ. ՝՝Իմ որեւէ հանդիպում որեւէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա՛՛


Քուշներ. ՝՝Իմ որեւէ հանդիպում որեւէ ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա՛՛
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան ու ավագ խորհրդական Ջարեդ Քուշները Սենատում այսօր պատասխանում է հետաքննությունների հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին։ Նա Սենատի այս լսումներին է հրավիրվել՝ պատասխանելու համար ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի հետ կապեր հաստատելու մասին առնչվող հարցերին։ Թրամփը հերքել է Ռուսաստանի հետ կապեր ունենալու մասին հայտարարությունները, սակայն նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն ավելի ուշ ընդունել է, որ հանդիպում է ունեցել ռուս մի փաստաբանի հետ, Թրամփի մրցակից Հիլարի Քլինթընի ընտրարշավը վնասող տեղեկություններ ստանալու ակնկալիքով։

Երկուշաբթի օրն անցկացվող լսումների ընթացքում Քուշները ներկայացրել է 11 էջանոց հայտարարություն, որտեղ նա ընդունում է, որ նախագահական ընտրարշավի ընթացքում ու դրանից հետո ինքը 4 անգամ հանդիպում ունեցել է ռուս պաշտոնատար անձանց հետ, սակայն որեւէ կերպ գաղտնի համաձայնության չի եկել արտասահմանյան որեւէ կառավարության որեւէ անդամի հետ։

՝՝Այն տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք ես ներկայացնում եմ, պատմում են քարոզարշավի ընթացքում ու անցումային փուլում իմ հազարավոր հանդիպումների, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ չորս անգամ կապի մեջ մտնելու փաստի մասին։ Սակայն դրանցից եւ ոչ մեկը որեւէ կերպ չի ունեցել որեւէ ազդեցություն ընտրությունների վրա՛՛, ասված է Քուշների հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ Քուշները նկարագրում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կարճ մի քանի հանդիպումները, որոնց ընթացքում, ըստ նրա խոսքերի, իրենք քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հարցը։ Սակայն նա հերքում է մամուլի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Կիսլյակի հետ ինքն ունեցել է նաեւ հեռախոսային զրույցներ։

Ըստ Քուշների, Նյու Յորքի ՝՝ Trump Tower՛՛ երկնաքերում անցկացված հանդիպման ժամանակ որեւէ կերպ չի քննարկվել նախընտրական արշավը։

Քուշներն այս հայտարարությամբ հանդես է գալիս այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը թվիթերյան իր էջում դատապարտում է Կոնգրեսում անցկացվող լսումները։ Նա հարց է տալիս, թե ինչու Կոնգրեսի հանձնաժողովները, հետաքննիչներն ու ՝՝հարգելի՝՝ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը ՝՝չեն ուսումնասիրում Քլինթընի հանցագործություններն ու Ռուսաստանի հետ նրա կապերը՛՛։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետաքննությունների հարցերով հանձնաժողովի ավագ անդամ Ադամ Շիֆին նա անվանում է ՝՝թուլամորթ եւ լիովին կողմնակալ կոնգրեսական, որն իր ամբողջ ժամանակն անցկացնում է դեմոկրատների պարտությունն արդարացնող հեռուստատեսային հաղորդումներին մասնակցելով՛՛։

Սպիտակ տունն իր հերթին մեղադրում է մամուլի միջոցներին, հանրության ուշադրությունը կարեւոր խնդիրներից շեղելու մեջ։ Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սարահ Հաքըբին է ասել, ՝՝Այժմ ամենագլխավոր հարցերը, որոնցով ամերիկացիները պիտի զբաղվեին, ներգաղթն է, առողջապահական համակարգը ու գործազրկությունը։ ՝՝Սակայն մամուլի համար երեք ամենակարեւոր հարցերն են Ռուսաստանը, Ռուսաստանը եւ Ռուսաստանը՛՛, ասել է նա։

Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի փակ դռների հետեւում անցկացված լսումներից հետո, Սպիտակ տուն այցելելով, Քուշներն ասել է, ՝՝Ես որեւէ կերպ գաղտնի հանդիպում չեմ անցկացրել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ, եւ չգիտեմ նախընտրական արշավի անդամներից որեւէ մեկին, որը մասնակցած լիներ նման հանդիպման՛՛։

Քուշները երեքշաբթի օրը պատասխանելու է Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին։

Facebook Forum

XS
SM
MD
LG