Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ժամանակ կոչ է արել պաղեստինցիներին ճանաչել հրեական պետությունը, իսկ հրեաներին՝ դադարեցնել հրեական նոր թաղամասերի կառուցումը գրավված տարածքներում:
«Ես նաև կոչ եմ անում վերսկսել բանակցություններն իսրայելցիների ու պաղեստինցիների միջև «երկու պետություն» մոտեցման հիման վրա՝ խնդիրը կարգավորելու, անվտանգ և օրինական սահմանների ներքո, Երուսաղեմ մայրաքաղաքով, կողք կողքի ապրելու համար: Սա միշտ եղել է ֆրանսիական դիվանագիտության հիմնական ուղեցույցը, և ես այն սատարում եմ»,- ասել է նախագահ Մաքրոնը:
Մաքրոնը նաև մտահոգություն է հայտնել Իրանի կողմից «Հեզբոլահ»-ին Լիբանանում աջակցելու կապակցությամբ:
«Պետք է ասեմ, որ ես կիսում եմ Իսրայելի մտահոգությունը կապված հարավային Լիբանանում «Հեզբոլահ»-ին զինելու հանգամանքի հետ: Մենք Լիբանանում ցանկանում ենք հասնել կայունության, հարգանքով ենք վերաբերվում բոլոր համայնքներին և այս առումով ես կողմնակից եմ դիվանագիտական միջոցներով վտանգի նվազեցմանը, սահմանափակմանն ու վերացմանը հասնելու մոտեցմանը»,- հայտարարել է Մաքրոնը:
Իսրայելի վարչապետը բազմիցս նշել է, որ թույլ չի տա ստեղծել պաղեստինյան պետություն ՝ մեղադրելով պաղեստինցիներին երկարատև հակամարտության մեջ:
«Մենք քննարկել ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, ինչպես նաև Իսրայելի և հարևան արաբական երկրների միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով աճող նոր վտանգներն ու միասնական շահերը: Պաղեստինի հետ կապված՝ ես բազմիցս ասել եմ, որ հակամարտության սկզբնաղբյուրը հրեական ազգային պետությունն իր սահմաններով ճանաչելու հարցում պաղեստինցիների դժկամությունն է »,- նշել է Նեթանյահուն:
Վարչապետ Նեթանյահուն ժամանել է Փարիզ՝ 1942 թվականին ֆրանսիացի 13 հազար հրեաներին ֆաշիստների կողմից համակենտրոնացման ճամբարներ արտաքսելու կապակցությամբ միջոցառմանը մասնակցելու համար:
Facebook Forum