Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը միայն անցյալ տարվա ընթացքում 8ՕՕ անգամ ստիպված են եղել հակադարձել ռուսական մոտեցող ռազմաօդանավերին։ Այն երկու անգամ գերազանցում է 2Օ14 թվականին գրանցված նման միջադեպերի թվին։
Սառը պատերազմի տարիներին սովորական երեւույթ էր, երբ խորհրդային ռազմաօդանավերը Արեւմտյան Եվրոպայում խախտում էին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օդային սահմանները։ Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների հարցերով Հենրի Ջեքսընի անվան վերլուծական կենտրոնի կողմից վերջերս հրապարակված զեկույցում ցույց է տրվում, թե այդ օրերից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Մոսկվայի մարտավարության մեջ։
2Օ14-ից 2Օ16 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիայի ուժերը 21 օր կանխարգելիչ գործողությունների են դիմել ընդդեմ ռուսական օդանավերի։ ՆԱՏՕ-ին պատկանող Արագ արձագանքման ուժերը 2Օ16 թվականի ընթացքում նման գործողությունների են դիմել մոտ 8ՕՕ անգամ։
Ինչպես Հենրի Ջեքսոնի անվան կենտրոնի փորձագետներից Էնդրու Ֆոքսոլն է ասում, ՝՝Ռուսաստանը կարողանում է իրեն ներկայացնել որպես ուժեղ կողմ, իսկ ՆԱՏՕ-ի անդամներին ու ընդհանրապես ՆԱՏՕ-ին՝ որպես թույլ։ Եվ սա նրանց հաջողվում է նախագահ Պուտինի հետ համաձայնեցված՛՛։
Սակայն արդյո՞ք թռիչքները ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքներում միայն ուժի ցուցադրման նպատակ ունեն։ Ոչ, ասում են փորձագետները։ Նպատակներից մյուսը հետախուզական տվյալներ ձեռք բերելն է։
՝՝Տեղեկություններ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ հաղորդակցության մասին։ Տեղեկություններ Մեծ Բրիտանիայի Կայսերական նավատորմի կապիտանների ու օդաչուների, ինչպես նաեւ մեր վաղ ահազանգման համակարգի մասին՛՛, ասում է վերլուծաբանը։
Մյուս կողմից Ռուսաստանի ռազմածովային գործողություններն ավելի նկատելի են դառնում Շոտլանդիայում գտնվող բրիտանական միջուկային սուզանավերի բազայում։
Ֆոքսոլի կարծիքով. ՝՝Եթե ռուսական սուզանավերին հաջողվել է գրանցել բրիտանական սուզանավերի ակուստիկ ուրույն գաղտնագրերը, ուրեմն այն կարող է կործանարար ազդեցություն ունենալ Մեծ Բրիտանիայի ինքնապաշտպանական կարողությունների համար՛՛։
Ռուսներն իրենց հերթին են մեղադրում ՆԱՏՕ-ին՝ իրենց օդային տարածքներում հայտնվելու մեջ։ Անցյալ ամիս էր, երբ ՆԱՏՕ-ին պատկանող մի ռազմաօդանավ ուղեկցում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին տեղափոխող օդանավին։
Հարցը հետեւյալն է. Ի՞նչ անել։
Ըստ Հենրի Ջեքսընի անվան կենտրոնի զեկույցի, վտանգավոր այս միջադեպերը կանխելու համար հարկավոր է կնքել նորացված մի պայմանագիր եւ Արեւմտյան Եվրոպայի ու Մոսկվայի միջեւ հաստատել հստակ կանոններ։
Facebook Forum