Հակաահաբեկչական ուժերը հույս ունեն, որ Մոսուլի ազատագրումից հետո Դաեշ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին զոհերի թվում է։ Միաժամանակ, Իրաքում կոալիցիոն ուժերի հրամանատար, ամերիկյան գեներալ Սթիվեն Թաուսենդը զգուշացրել է, որ կոալիցիոն ուժերը դեռեւս ալ Բաղդադիի մահվան ապացույց չունեն.
«Պարզ ասեմ, գաղափար չունեմ: Չգիտեմ, կենդանի է նա, թե՝ ոչ: Չգիտեմ նույնիսկ, թե որտեղ է նրա անշունչ մարմինը»:
Գեներալի խոսքով, Դաեշի զինյալների կողմից մայրաքաղաք հռչակված Մոսուլի ազատագրումը ահաբեկիչներից, դեռեւս չի նշանավորում վերջնական հաղթանակ: Միացյալ Նահանգներն այժմ սերտ աշխատում է Իրաքի հետ, որպեսզի ապահովի զինված ուժերի ներկայություն, որը կկանխի ահաբեկչական շարժման վերածնունդը:
Նույն կարծիքին են ազատագրված Մոսուլի խաղաղ բնակիչները, ովքեր անհանգստացած են, որ Իրաքի կառավարությունը քաղաքն ահաբեկիչներից ազատելուց հետո կրկին կմոռանա նրանց մասին: Մոսուլի բնակիչ Քաթաբ Մոհամադ Սայիդ ալ Նաջարի խոսքով, Մոսուլի խնդիրների վրա աչք փակելը կբերի նոր աղետի.
«Բաղդադը պետք է հիշի, որ Դաեշը ծնվել է Մոսուլում, շատ հնարավոր է այստեղ ծնվի նոր Դաեշ»:
Նման իրավիճակից խուսափելու նպատակով, Իրաքի կառավարությանն անհրաժեշտ է արձագանքել Մոսուլի բնակիչների կարիքներին, համոզված է քաղաքի բնակիչ Մահմուդը.
«Ես պահանջում եմ, որ քաղաքը վերակառուցվի եւ այստեղ անվտանգություն եւ կայունություն հաստատվի»:
Չնայած բոլոր դժվարություններին, ահաբեկիչներից ազատագրված քաղաքում տոն է: Տոն, որը շատերը նշում են սրտի կսկիծով՝ Մոսուլի գրեթե յուրաքանչյուր խաղաղ բնակիչ կորցրել է անցած տարիներին մեկ կամ ավելի հարազատ:
Facebook Forum