Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է Մոսուլում Դաեշ-ի նկատմամբ գրանցած հաղթանակի մասին։ Իրաքյան ուժերի կողմից ազատագրված Մոսուլը հանդիսանում էր Իրաքում ահաբեկչական խմբավորման հիմնական կենտրոնը:
Բաղդադում այս առիթով կազմակերպված տոնախմբությունները տևեցին մինչև ուշ գիշեր:
«Շնորհավորում ենք Իրաքի ժողովրդին, բոլոր իրաքցիներին հաղթանակի առիթով: Նրանք խիզախ կռվեցին և հասան ջախջախիչ հաղթանակի: Հույս ունենք, որ Դաեշ-ը արմատախիլ կարվի, և տեղահանվածները կկարողանան վերադառնալ իրենց տները»,- ասում է Բաղդադի բնակիչ Ալի Մոհսեն։
Վարչապետ Աբադին նշել է, որ Իրաքը շարունակում է առերեսել մարտահրավերների, որոնց թվում են Դաեշ-ի ահաբեկչական խմբերը, որոնք շարունակում են գործել Իրաքի տարածքում՝ երկրում անկայունություն հաստատելով:
Վաշինգտոնում Սպիտակ տան մամլո խոսնակի տեղակալ Սառա Հաքաբի Սանդերսն ասուլիսին ներկայացրեց նախագահի հայտարարությունը:
«Միացյալ Նահանգները կանգնած է իրաքյան անվտանգության ուժերի և բոլոր նրանց կողքին, ովքեր իրականություն դարձրեցին այս հաղթանակը: Մենք հսկա առաջընթաց գրանցեցինք Դաեշ-ի դեմ այս վեց ամիսների ընթացքում: Հաղթանակը Մոսուլում, ուր Դաեշ-ը հռչակել էր իր այսպես կոչված խալիֆայությունը, ազդանշան է, որ Դաեշ-ի օրերը հաշված են Իրաքում և Սիրիայում»,- գրված է նախագահի հայտարարության մեջ:
Մոսուլում կոալիցիոն ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի գեներալ-լեյտենանտ Սթեֆան Թաունսենդը հայտարարել է, որ այս հաղթանակով Դաեշ-ը չի վերացել և որ ծանր մարտեր դեռևս առջևում են:
Խմբավորումը շարունակում է վերահսկել Մոսուլից դուրս գտնվող մի շարք հատվածներ, ինչպես նաև որոշ տարածքներ հարևան Սիրիայում:
Facebook Forum