Մատչելի հղումներ

Բրյուսելում հուլիսի 11-ին հանդիպում են ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


"Ազատություն" ռադիոկայան

Բրյուսելում հուլիսի 11-ին հանդիպում են ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը։ Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չէին բացառել երկու նախարարների միջեւ հուլիսին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Հանդիպումից առաջ՝ նախորդ օրը Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հարավային Կովկասում անվտանգությունը շարունակում է վտանգված մնալ՝ Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով:

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում զինադադարի համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը», - Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ ասել էր Նալբանդյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, իր հերթին, արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի այս ելույթին, հուլիսի 1Օ-ին պնդել էր, թե հակամարտության կարգավորման միակ ուղին «հայկական ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

«Հենց Հայաստանն է խուսափում կարգավորման շուրջ բովանդակալից բանակցություններից ու ՄԱԿ-ի հայտնի բանաձևերի իրագործումից», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ադրբեջանական contact.az պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը պնդել է. - «Վիեննայում ոչինչ էլ չի ստորագրվի, այնպես որ, Մամեդյարովն իզուր է մեկնում»։

«Ադրբեջանի արտգործնախարարությունում չկա ղարաբաղյան խնդրով փոխհամաձայնեցված որոշում կայացնելու մշակույթ։ Նախարարից բացի, որևէ մեկը չգիտի, թե ում հետ և ինչի մասին է նա զրուցելու։ Նույնիսկ տեղակալներն են անտեղյակ։ Այս գաղտնիությունը պետք է վերացվի», - ասել է Զուլֆուղարովը՝ հավելելով. - «Հակամարտությունը ոչ թե նախարարների միջև է, այլ պետությունների, և պայմանավորվածությունների իրագործման փուլում, որին մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ, ճշմարտությունը միևնույնն է, ջրի երես է դուրս գալու»։

Facebook Forum

XS
SM
MD
LG