Վաշինգտոնում տարբեր տեսանկյուններից են շարունակում քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի այցը Լեհաստան եւ Գերմանիայում Մեծ քսանյակի գագաթաժողովում նրա մասնակցությունը։ Քննարկումներից դուրս չի մնում նաեւ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ Թրամփի հանդիպումը։
Լեհաստան ու Գերմանիա կատարած այցերից հետո Սպիտակ տուն վերադառնալով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց, որ Վլադիմիր Պուտինը հերքել է ԱՄՆ-ի ընտրություններում իր երկրի կողմից միջամտություն ցուցաբերելու փորձերի մասին կասկածները։ Թրամփը գրել էր նաեւ, թե եկել է Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքներ տանելու ժամանակը։
ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձինք Թրամփի ու Պուտինի միջեւ հանդիպումն անվանում են ՝՝պտղաբեր՛՛։
Ֆինանսների նախարար Ստիվ Մնուչինի խոսքերով, Թրամփը մանրամասն կերպով է անդրադարձել ընտրությունների խնդրին։
՝՝Նա նաեւ խոսել է Սիրիայում հրադադարի մասին, որն այսօր ամենակարեւոր հարցերից մեկն է։ Խոսել է Ուկրաինայի ու Հյուսիսային Կորեայի մասին՛՛։
Իսկ ահա հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն ասում է, թե կիբերհարձակման անվտանգության հարցով Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնը կլիներ, ինչ քիմիական զենքերի վերահսկողության շուրջ Սիրիայի հետ համագործակցելը։
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր էջում գրել է, թե ընտրություններում Ռուսաստանի միջամտության շուրջ ԱՄՆ-ի հետախուզության դիրքը հարցականի տակ դնելով՝ Թրամփը թուլացրել է ԱՄՆ-ի դիրքերը։
Սենատոր Մարք Ուորներն էլ շեշտել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ոչ թե մեղմելու, այլ՝ խստացնելու կարեւորությունը։
Վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե Թրամփին քննադատողները պարզապես չեն ուզում տեսնել իրականության ամբողջ պատկերը։
՝՝Այդ պատկերի մեջ են մտնում Սիրիան, որտեղ հրադադարի հաստատումը ե՛ւ ԱՄՆ-ի ե՛ւ Ռուսաստանի շահերից է բխում։ Չափազանց կարեւոր է Ուկրաինային խնդրի լուծումը։ Նախագահը նաեւ կենտրոնացրել է իր աշխատանքները Հյուսիսային Կորեայի ուղղությամբ, որտեղ բալիստիկ հրթիռների փորձարկումներն աստիճանաբար ավելի մեծ խնդրի են վերածվում՛՛։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի աշխատանքներին, ասենք, որ մեկշաբաթյա հանգստից հետո օրենսդիրների առջեւ է դրվում բժշկական ապահովագրության օրենքները փոփոխելու խնդիրը, երբ հանրապետականները փորձում են Օբամաքեըրը փոխարինել նոր համակարգով։ Սակայն այստեղ ու հարկային քաղաքականության մեջ փոփոխությունների իրականացումը հանրապետականներին այսօր դեռեւս պահում է ոչ այնքան կարող իրավիճակում։
Facebook Forum