ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ժողովրդին շնորհավորել է անցյալ տարվա հեղաշրջման փորձը կասեցնելու ջանքերի համար։ Սակայն արտաքին գերատեսչության ղեկավարը չի անդրադարձել դրանից հետո Թուրքիայի կառավարության կողմից իրականացված ճնշամիջոցներին։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայում մասնակցել է Համաշխարհային նավթարդյունահանման համաժողովին։ Նա Անկարա է ժամանել, երբ այստեղ պատրաստվում են նշել անցյալ տարվա հեղաշրջման փորձի տապալման առաջին տարին։
Թիլերսոնն առիթն օգտագործել է Թուրքիայի ժողովրդին շնորհավորելու համար։
՝՝Մենք այսօր Ստամբուլում ենք կարեւորագույն մի ժամանակահատվածում։ Ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայի ժողովուրդը կանգնեց ընդդեմ դավադիրների՝ պաշտպանելով ժողովրդվարությունը՛՛, հայտարարել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։
Նա հարգել է հեղաշրջման փորձի ընթացքում զոհված 24Օ անձանց հիշատակը, սակայն որեւէ կերպ չի անդրադարձել հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի կառավարության կողմից սկսված լայնածավալ ճնշամիջոցներին, երկիր, որտեղ ձերբակալվել է ավելի քան 4Օ հազար մարդ, աշխատանքից ազատվել՝ ավելի քան 1ՕՕ հազարը։
Նույն օրն ավելի ուշ Թիլերսոնին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Պետդեպարտամենտը մի քանի շաբաթ առաջ էր հանդես եկել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ մայիս ամսին իրականացված բռնությունները դատապարտող հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ այդ օրը, երբ Վաշինգտոնում էր Էրդողանը, նրա անվտանգության աշխատակիցները բախումներ էին սկսել էրդողանի դեմ անցկացվող ցույցի մասնակիցների հետ, որից հետո ԱՄՆ-ի ոստիկանությունը տվել էր 16 անձանց, այդ թվում Թուրքիայի անվտանգության 12 աշխատակիցների ձերբակալելու մասին լիազորագիր։
Թիլերսոնը հավատացած է սակայն, որ եկել է անցած մի քանի տարիներին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ լարված հարաբերությունները բարելավելու ժամանակը։ Նա նշել է, որ արտգործնախարարի պարտականությունները ստանձնելուց ի վեր, ինքն Էրդողանին հանդիպել է արդեն երեք անգամ, եւ ամեն հանդիպման ընթացքում խոսակցությունը դարձել՝ ավելի մտերմիկ։
Անկարային վրդովվեցրել էր հեղաշրջման փորձից հետո այլախոհության դեմ իրականացված ճնշամիջոցների հարցով Վաշինգտոնի քննադատական դիրքորոշումը։
Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ լարվածության գլխավոր պատճառներից մյուսը Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցությունն է։
Սակայն հարաբերությունների ջերմացման հարցով Թիլերսոնի լավատեսությունը որոշ փորձագետներ վաղաժամ են համարում եւ գտնում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ բանակցությունները միայն սկզբնական փուլում են։
Facebook Forum