Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի պատմական ելույթը ցնցեց լեհերին


President Donald Trump gives a public speech in front of the Warsaw Uprising Monument at Krasinski Square, in Warsaw, July 6, 2017.
President Donald Trump gives a public speech in front of the Warsaw Uprising Monument at Krasinski Square, in Warsaw, July 6, 2017.

«Արեւմուտքը երբեք չի պարտվելու: Մեր արժեքները ամուր են լինելու, մեր ժողովուրդները՝ բարգավաճ եւ մեր քաղաքակրթությունը՝ մնայուն»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրային ելույթը Վարշավայի Կրասինսկիի հրապարակում շատերի գնահատմամբ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի առաջին գլոբալ կոչն էր Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի մարդկությանը: Նրա խոսքով, Արեւմուտքն այսօր կազմել է պատմության մեջ հզորագույն դաշինքը: Դաշինք, որը խարսխված է մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքի վրա.

«Մեր կյանքի կենտրոնում են հավատքը եւ ընտանիքը, մենք մարտահրավեր ենք նետում ամեն ինչին, մենք ցանկանում ենք բացահայտել ամեն ինչ, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ: Եւ ամենից շատ մենք գնահատում ենք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքը, յուրաքանչյուր մարդու իրավունքները եւ յուրաքանչյուր ոգու ազատության ցանկությունը: Ահա թե ովքեր ենք մենք: Սա է մեր քաղաքակրթությունը»:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, այսօր քաղաքակիրթ աշխարհի առջեւ ծառացել են նոր վտանգներ.

«Մեր դեմ է դուրս եկել մի մռայլ գաղափարախոսություն, որը փորձում է ամբողջ աշխարհում ահաբեկչություն եւ ծայրահեղականություն սերմանել: Ամերիկան եւ Եվրոպան ահաբեկչական հարձակումների են ենթարկվում, սակայն, մենք դրան վերջ կդնենք»:

Քաղաքակիրթ աշխարհի համար մեկ այլ վտանգ են ներկայացնում քարոզչության ու կիբեր պատերազմների նոր դրսեւորումները: Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը դիմեց իր ռուսաստանցի գործընկերոջը.

«Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում եւ ամենուր, դադարեցնել Սիրիայի եւ Իրանի թշնամական վարչակարգերի նկատմամբ աջակցությունը եւ փոխարենը միանալ պատասխանատու պետությունների հանրությանը, պայքարել ընդհանուր թշնամիների դեմ եւ պաշտպանել քաղաքակրթությունը»:

Նախագահ Թրամփը վերահաստատեց նաեւ ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ի պայմանագրի հիմնարար 5-րդ կետին, որը նախատեսում է դաշնակիցների պաշտպանություն ցանկացած հարձակման դեպքում.

«Միացյալ Նահանգները ոչ միայն խոսքով, այլեւ գործով է ապացուցել 5-րդ կետին իր նվիրվածությունը»:

Արժեքները, սակայն, պաշտպանում են ոչ միայն զենքի եւ տնտեսության, այլեւ՝ ոգու ուժի միջոցով, հիշեցրեց Դոնալդ Թրամփը:

«Մենք կարող ենք ունենալ խոշորագույն տնտեսությունը եւ երկրագնդում ամենամահացու զենքերը, սակայն, եթե մենք չունենանք ամուր ընտանիքներ, ամուր արժեքներ, մենք թույլ կլինենք եւ չենք գոյատեւի»:

Այդ իսկ պատճառով իր ելույթում նախագահ Թրամփը կոչ արեց ժողովուրդներին առաջին հերթին հիշել եւ պահպանել սեփական պատմությունն ու ինքնությունը.

«Եթե մենք չմոռանանք, թե ովքեր ենք մենք, մեզ անհնար կլինի հաղթել»:

Լեհաստանից նախագահ Թրամփը մեկնեց Գերմանիա, որտեղ սկսվում է աշխարհի 20 ամենազարգացած երկրների գագաթաժողովը:

Facebook Forum

XS
SM
MD
LG