Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում Միջերկրական ծովով Իտալիա է ժամանել ավելի քան 85 հազար միգրանտ, որը 14 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարարությունը:
Ժամանողներից շատերին փրկել են հենց Իտալիայի սահմանապահները, երբ նրանց փոքր ինքնաշեն նավակները սկսել են ծովում սուզվել մինչեւ իտալական ափ հասնելը: Երկու հազար միգրանտի ծովայինները փրկել չեն հասցրել Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա տեղափոխվելու ճանապարհին:
Միգրանտների թվի աճով անհանգստացած՝ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին կոչ է արել Եվրամիության մյուս անդամ երկրներին օգնել կարգավորել խնդիրը.
«Ամբողջ Իտալիան միավորվել է՝ փորձելով լուծել միգրանտների հոսքի հարցը եւ կոչ է անում Եվրամիությանը նույնպես մասնակցել խնդրի կարգավորմանը, եթե Եվրոպան ուզում է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին, պատմությանն ու քաղաքակրթությանը»:
Եթե Եվրամիությունը օգնության ձեռք չմեկնի, Իտալիան կարող է արգելել միգրանտներով նավերի մուտքը, ստիպելով դրանց ուղեւորվել այլ երկրների նավահանգիստներ: Այս շաբաթ սակայն միգրանտները շարունակում էին ազատ մուտք գործել Իտալիայի տարածք: Երկրի վարչապետը հիշեցնում է, որ Իտալիան Եվրամիության օգնության կարիքն ունի.
«Իտալիան աջակցության կարիք ունի, հակառակ դեպքում միգրանտների հոսքը կարող է անկառավարելի դառնալ, ինչը մեր հասարակության բացասական արձագանքը կառաջացնի, հասարակություն, որը մինչ այժմ մարդասիրության բարձրագույն հատկանիշներն է դրսեւորել»:
Ֆրանսիան, Գերմանիան ու Եվրամիության այլ անդամներ խոստանում են աջակցել Իտալիային, ինչպես արդեն ժամանած միգրանտներին տանիքով ապահովելու, այնպես էլ միգրանտների հոսքը դադարեցնելու գործում: Միգրանտների հիմնական մասը ժամանում է Լիբիայից, որտեղ մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվող անձինք գումարի դիմաց պատրաստ են ցանկացած մեկի ապօրինի կերպով Իտալիա տեղափոխել:
Facebook Forum