Մատչելի հղումներ

iPhone-ը 10 տարեկան է


10 տարի առաջ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն ազդարարեց iPhone-ի լույս աշխարհ գալու մասին, հեռախոս, որը պատմության գիրկն ուղարկեց սիրողական ֆոտո եւ տեսախցիկներն ու ձայնային նվագարկիչները.

«Սա հեղափոխական բջջային հեռախոս է, որը բեկումնային կդառնա շարժական կապի ոլորտում»:

iPhone-ի օրինակին հետեւեցին բոլոր մյուս արտադրողները՝ դարձնելով հեռախոսն աշխարհի հետ կապի հիմնական սարք:

«Բազմաթիվ արտադրություններ ծնվեցին որպես iPhone-ի հետեւանք, քանի որ այն մեզ թույլ տվեց մուտք գործել ամենուր», - նշում է CNET հանդեսի գլխավոր խմբագիր Լինդսի Թուրենթինը:

Այսօր հեռախոսով մենք կարող ենք անել այն, ինչ դեռ մեկ տասնամյակ առաջ անհնար էր թվում. վայրկյանների ընթացքում տեղեկանալ մեր բանկային հաշվի մասին, վճարել կոմունալ ծախսերը, գումար ստանալ եւ փոխանցել, կիսել ամբողջ աշխարհի հետ մեր ուրախ եւ ծանր պահերը, ստուգել նամակագրությունը եւ տեսնել աշխարհի հակառակ կողմում գտնվող հարազատներին:

«Թվում է թե ամբողջ աշխարհը ափիդ մեջ է, կարող եմ անել ամեն ինչ՝ վճարումներ կատարել, կրթվել, հրաշալի է», - ասում է Շենա Լոպեսը:

Վերլուծաբանների խոսքով, սա դեռ ամենը չէ: Ընդամենը մի քանի ամսից սպասվող նոր iPhone-ն ընձեռելու է էլ ավելի անսպասելի հնարավորություններ: Մասնավորապես, այն հնարավորություն է տալու համատեղելու վիրտուալ իրականությունն իրական աշխարհի հետ: Իսկ դա նշանակում է, որ դուք կարող եք ստեղծել ձեր անկրկնելի աշխարհը, այցելել չտեսնված տեղեր: Բայց սա դեռ ամենը չէ. վիրտուալ իրականության հնարավորությունների լիարժեք կիրառումը թույլ կտա հեռավոր վայրերում գտնվող հիվանդներին ստուգում անցնել լավագույն բժիշկների մոտ, իսկ փոքր գյուղում գտնվող երեխան կարող է այցելել լավագույն ուսուցիչների վիրտուալ դասարան:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ տեխնոլոգիաների զարգացումը դարձնում է մեր կյանքը դրանցից շատ ավելի կախյալ, սակայն նաեւ անչափ ավելի հարմարավետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG